23:18  +04,  4 մարտի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Արազ Օզբիլիսն ուժեղացրեց Հայաստանի հավաքականի խաղը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Սերբիայի եւ Կանադայի հետ ընկերական հանդիպումներից ստացած տպավորությունների, Արազ Օզբիլիսի նորամուտի եւ սեփական մարզավիճակի մասին:

Հենրիխ, Սերբիայի հավաքականի հետ հանդիպումը ի՞նչ տպավորություն թողեց քեզ վրա:

Նախ նշեմ,որ այդ խաղում Հայաստանի հավաքականը խաղաց ոչ թե փոխարինողների կազմով, այլ երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված կազմով: Իհարկե Սերբիայի հավաքականը շատ ուժեղ թիմ է, եւ մեր ֆուտբոլիստների համար շատ կարեւոր էր նման մրցակցի հետ խաղալը: Բնականաբար, արդյունքը գոհացուցիչ չէ, քանի որ պարտվեցինք, բայց մեր թիմը խաղային ձեռագիր ցույց տվեց, որոշ դրվագներում էլ գերազանցեց մրցակցին: Ուղղակի մեր տղաների մոտ չէր ստացվում եզրափակել գրոհները, բայց կարծում եմ, որ այդ բացը կլրացվի, ընդ որում,նշեմ,որ Կանադայի հետ ազգային հավաքականի խաղում էլ մենք գոլային բազմաթիվ պահեր ունեցանք, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողացանք օգտագործել բոլորը: Համենայնդեպս, ընկերական հանդիպումներին հավաքականի ֆուտբոլիստները փորձում էին գտնել այն համագործակցությունը, որը կար անցած տարվա ընթացքում, ու տվյալ ժամանակահատվածում խաղադաշտում արվում էր ամեն ինչ գեղեցիկ եւ արդյունավետ ֆուտբոլ ցուցադրելու համար:

Հավաքականի կազմում առաջին անգամ հանդես եկավ Արազ Օզբիլիսը: Հասկանալի է, որ նրա հետ լավ համագործակցելու համար ժամանակ է պետք: Ի՞նչ կասես այդ մասին:

Ինձ թվում է, որ բոլորն էլ տեսան ու հավատացին, որ Օզբիլիսը ուժեղ ֆուտբոլիստ է, ու իզուր չէ, որ հայտնվել է «Այաքսի» կազմում: Հանդես գալով Հայաստանի հավաքականի կազմում` նա, իհարկե, ուժեղացրեց թիմի խաղը: Արազը միանգամից մերվեց հավաքականի խաղաոճին, կարողացավ դառնալ նաեւ գոլի հեղինակ, ինչը, իմ կարծիքով, կարեւոր հանգամանք է վստահություն ձեռք բերելու տեսակետից, այս դեպքում արդեն կարեւոր չէ` գոլը խփվել է 11 մետրանոցից, թե խաղային այլ դրվագներում: Արազի հետ համագործակցությունը խաղի ընթացքում դժվար էր միայն հանդիպման առաջին տասը րոպեների ընթացքում, քանի որ դեռեւս չէինք խաղացել նրա հետ: Բայց մնացած խաղաժամանակում ամեն ինչ լավ ստացվեց, ու բարձր կարգի ֆուտբոլ ցույց տվեց թե Օզբիլիսը, եւ թե հավաքականն ընդհանրապես:

Կանանդայի հավաքականը ուժեղագույն թիմերի շարքին չի դասվում, սակայն այս հանդիպումը իրոք շատ կարեւոր էր մեր ընտրանու համար: Ես կարծում եմ, որ այսօր ֆուտբոլում հեշտ կամ թույլ մրցակիցներ չկան: Հիմա բոլոր երկրներում էլ ֆուտբոլը առաջընթաց է ապրում, ֆուտբոլը զարգանում, է ու իզուր չէ, որ աշխարհի թիվ մեկ մարզաձեւն է: Դրա համար ես չէի ասի, որ Կանադան թույլ թիմ էր: Կանադացիների կազմում հանդես եկած մի քանի ֆուտբոլիստներ հանդես են գալիս ավելի ուժեղ ակումբներում, քան մեր հավաքականի կազմում հանդես եկած մի քանի խաղացողներ:

Հայաստանի հավաքականը մայիսի 31-ին Ավստրիայում ընկերական հանդիպում է անցկացնելու Հունաստանի թիմի հետ: Մրցակիցը ուժեղ է, եւ իզուր չէ, որ հանդես է գալու Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում: Ի՞նչ կտա այդ հանդիպումը մեր ընտրանուն:

Հունաստանի հավաքականը շատ լավ մրցակից է: Բոլորն էլ գիտեն հույների հնարավորությունների մասին, բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեն, կարգապահ ֆուտբոլ են խաղում: Պատահական չէ, որ Եվրոպայի չեմպիոն դարձան: Շատ հաճելի է խաղալ հույների դեմ, քանի որ ուժեղ մրցակիցների դեմ խաղալով ավելի շատ փորձ ես ձեռք բերում, եւ ավելի լավ են երեւում քո թե դրական, եւ թե բացասական կողմերը:

«Շախտյորը» շարունակում է պայքարը Ուկրաինայի չեմպիոնական մրցավազքում, եւ քո խաղը շատ կարեւոր է ակումբի համար: Ինչպե՞ս ես գնահատում մարզավիճակդ:

Ես անում եմ ամեն ինչ իմ թիմին օգտակար լինելու համար: Իրոք «Շախտյորը» շարունակում է պայքարը ոսկե մեդալների համար, եւ մենք ոչ թե պետք է սպասենք Կիեւի «Դինամոյի» սայթաքելուն, այլ` ավելի շատ մենք պետք է հաղթենք բոլոր խաղերում: Դրա համար պետք է ամբողջ կազմով տրամադրվենք յուրաքանչյուր խաղին ու երեք միավոր վաստակելու համար դուրս գանք խաղադաշտ:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ