01:14  ,  19 հոկտեմբերի, 2015

«Բորուսիայի» ղեկավար. Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, չի մեկնի Ադրբեջան

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն պատմել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի ադրբեջանական «Գաբալայի» դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի արտագնա խաղին, որը կկայանա հոկտեմբերի 22-ին Բաքվում:

«Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի «Գաբալայի» դեմ հանդիպմանը: Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա կոնֆլիկտ, իսկ մենք պետք հոգ տանենք մեր ֆուտբոլիստների մասին:

Դժվարություններ կան անվտանգությունն ապահովելու հետ կապված: Եթե ֆուտբոլիստն իրեն հարմարավետ չզգա եւ ունենա վախի զգացում, ապա մենք, իհարկե, հաշվի կառնենք այդ հանգամանքները»,- Վացկեի խոսքը մեջբերում է Bild-ը:

Ավելի վաղ ադրբեջանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարող ստանալ Ադրբեջանի մուտքի վիզա, քանի որ համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ, իսկ Բաքու այցելելու դեպքում, կարող է նույնիսկ ձերբակալվել։ 2011թ. դեկտեմբերին հայ ֆուտբոլիստն այցելել էր Արցախ եւ նվերներ հանձնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիկմեթ Գաջիեւն ավելի ուշ հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը չի խոչընդոտի Մխիթարյանի մասնակցությանը «Գաբալայի» դեմ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս