18:28  ,  19 հունիսի, 2012

Դիկ Ադվոկատը սեփական մորը կծախի փողի համար. հարցազրույց

Երկու տարի առաջ, երբ Ադվոկատը խզեց պայմանագիրը Բելգիայի հավաքականի հետ եւ տեղափոխվեց Ռուսաստան, բելգիացիները նրան բնութագրեցին որպես ստախոս, նենգ սրիկա: Այժմ Ռուսաստանում նրա մասին ասում են, որ նա համառ հիմար է, ով սեփական մորը կծախի փողի համար: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց Sportbox.ru կայքի ֆուտբոլային բաժնի խմբագիր Արտուշ Մկրտչյանը (լուսանկարում՝ ձախից)՝ մեկնաբանելով Ռուսաստանի հավաքականի հետ կապված վերջին իրադարձությունները:

Ռուսաստանի հավաքականը, լինելով ֆավորիտ, չկարողացավ դուրս գալ խմբից: Ի՞նչն է պատճառը:

Ռուսաստանի հավաքականն իր կազմով ուժեղագույնն էր խմբում: Նույնիսկ չեխերը, լեհերն ու հույներն էին դա ընդունում: Անհաջողության հիմնական պատճառը Եվրո-2012-ի նախապատրաստական փուլի ձախողումն էր: Ադվոկատը սխալ հաշվարկ էր արել՝ թիմին մարզավիճակի բարձրակետին դուրս բերելով չեխերի հետ խաղում: Դրանից հետո տարեց թիմն ունեցավ ֆիզիկական եւ հոգեբանական անկում: Այժմ Ադվոկատին մեղադրում են  Ռայմոնդ Վերհեյենին Հայաստան  բաց թողնելու մեջ: Բացի այդ Ռուսաստանի հավաքականի այս կազմը երբեք չի առանձնացել կամքով եւ բնավորությամբ: Հենց դա էր բացակայում հույների հետ խաղում, որտեղ ոչ ոքին էլ բավական էր:

Մամուլը եւ երկրպագուները քննադատում են Ադվոկատին: Ի՞նչ կարծիք ունեք:

Քննադատությունը հիմնավորված է: Ձախողման հիմնական մեղավորը Ադվոկատն է: Նա չկարողացավ թիմը մրցաշարին պատրաստել: Նրա նշանակման առաջին օրից ես բազմիցս գրել եմ, որ դա սխալ որոշում էր: Սերգեյ Ֆուրսենկոն ընտրեց նրան, քանի որ Ադվոկատը աշխատել է «Զենիթում»: Ռուսաստանի հավաքականը կորցրեց երկու տարի: Ադվոկատը նախընտրեց  աշխատել հին կազմի հետ` չփորձելով երիտասարդացնել այն: Ոչ մի նոր բան առաջ չբերեց: Ընտրական փուլը հաղթահարվեց բարձր կարգի  շնորհիվ, իսկ եզրափակիչ մրցաշարում թիմը ձախողվեց: Հոլանդացին եւս մեկ անգամ ապացուցեց, որ փողից բացի իրեն ոչինչ չի հետաքրքրում: Այս երկու տարում նա ստացավ 14 միլիոն եվրո: Համեմատության համար ասեմ, որ Յոահիմ Լյովը Գերմանիայում վաստակում է տարեկան 2,5 միլիոն եվրո: Հույների խաղից հետո Ադվոկատն ասաց, որ իրեն միեւնույն է, թե ինչ են իր մասին մտածում եւ հենց նույն գիշերը մեկնեց Հոլանդիա: Նույնիսկ հրաժեշտ չտվեց թիմին:
Երկու տարի առաջ, երբ Ադվոկատը խզեց պայմանագիրը Բելգիայի հավաքականի հետ եւ տեղափոխվեց Ռուսաստան, բելգիացիները նրան բնութագրեցին որպես ստախոս, նենգ սրիկա: Այժմ Ռուսաստանում նրա մասին ասում են, որ նա համառ հիմար է, ով սեփական մորը կծախի փողի համար: Իրականում, այս ամենը արդար է ասված: Մնում է միայն չմոռանալ նաեւ նրան նշանակողների մասին:

Ո՞վ կարող է գլխավորել Ռուսաստանի հավաքականը:

Դեռ ոչ մի բան պարզ չէ: Ռուսաստանում խոսում են ռուսաստանցի մասնագետ նշանակելու մասին: Փորձառու մարզիչներ Վալերի Գազաեւը, Յուրի Սյոմինը, Անատոլի Բիշովեցը արդեն աշխատել են հավաքականի հետ, բայց ոչ այդքան հաջող: Իսկ վստահել երիտասարդ մարզիչներին` Լեոնիդ Սլուցկի, Անդրեյ Կոբելեւ, Վալերի Կարպին, Նիկոլայ Պիսարեւ՝ մեծ ռիսկի հարց  է:
Այս հարցում պարզություն կլինի, երբ կորոշվի Սերգեյ Ֆուրսենկոյի ճակատագիրը: Եթե նրան փոխարինի Պետդումայի նախկին խոսնակ Բորիս Գրիզլովը, ապա ամենայն հավանականությամբ նոր մարզիչ կդառնա Վալերի Գազաեւը:

Ինչպե՞ս կբացատրեք ֆուտբոլիստների վերաբումունքը երկրպագուների հանդեպ:

Ռուսաստանի հավաքականի ներկայիս կազմի ֆուտբոլիստները մեղմ ասած չեն առանձնանում լավ վարքով եւ բարեհամբուրությամբ: Այդ իսկ պատճառով երկրպագուները այս թիմին այդքան էլ չեն սիրում: Միայն Ձագոեւը կարողացավ իր մեջ տղամարդկություն գտնել եւ ներողություն խնդրել երկրպագուներից: Ահա թե ով կարող է դառնալ թիմի ավագ:

Ո՞վ դառնա Եվրոպայի չեմպիոն:

Կա երեք ֆավորիտ` Գերմանիա, Իսպանիա եւ Ֆրանսիա: Գերմանացիները, ի տարբերություն աշխարհի չեմպիոնների ավելի պրագմատիկ են, ինչը արդյունք է բերում: Ֆրանսիացիները լավ թափ հավաքեցին մրցաշարի ընթացքում: Իսկ իսպանացիները  գովասանքի կարիք չունեն: Թե որ թիմը կդառնա չեմպիոն՝ մեծ հաշվով կախված է հանգամանքներից:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով