18:28 19 հունիսի, 2012Երկու տարի առաջ, երբ Ադվոկատը խզեց պայմանագիրը Բելգիայի հավաքականի հետ եւ տեղափոխվեց Ռուսաստան, բելգիացիները նրան բնութագրեցին որպես ստախոս, նենգ սրիկա: Այժմ Ռուսաստանում նրա մասին ասում են, որ նա համառ հիմար է, ով սեփական մորը կծախի փողի համար: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց Sportbox.ru կայքի ֆուտբոլային բաժնի խմբագիր Արտուշ Մկրտչյանը (լուսանկարում՝ ձախից)՝ մեկնաբանելով Ռուսաստանի հավաքականի հետ կապված վերջին իրադարձությունները:
Ռուսաստանի հավաքականը, լինելով ֆավորիտ, չկարողացավ դուրս գալ խմբից: Ի՞նչն է պատճառը:
Ռուսաստանի հավաքականն իր կազմով ուժեղագույնն էր խմբում: Նույնիսկ չեխերը, լեհերն ու հույներն էին դա ընդունում: Անհաջողության հիմնական պատճառը Եվրո-2012-ի նախապատրաստական փուլի ձախողումն էր: Ադվոկատը սխալ հաշվարկ էր արել՝ թիմին մարզավիճակի բարձրակետին դուրս բերելով չեխերի հետ խաղում: Դրանից հետո տարեց թիմն ունեցավ ֆիզիկական եւ հոգեբանական անկում: Այժմ Ադվոկատին մեղադրում են Ռայմոնդ Վերհեյենին Հայաստան բաց թողնելու մեջ: Բացի այդ Ռուսաստանի հավաքականի այս կազմը երբեք չի առանձնացել կամքով եւ բնավորությամբ: Հենց դա էր բացակայում հույների հետ խաղում, որտեղ ոչ ոքին էլ բավական էր:
Մամուլը եւ երկրպագուները քննադատում են Ադվոկատին: Ի՞նչ կարծիք ունեք:
Քննադատությունը հիմնավորված է: Ձախողման հիմնական մեղավորը Ադվոկատն է: Նա չկարողացավ թիմը մրցաշարին պատրաստել: Նրա նշանակման առաջին օրից ես բազմիցս գրել եմ, որ դա սխալ որոշում էր: Սերգեյ Ֆուրսենկոն ընտրեց նրան, քանի որ Ադվոկատը աշխատել է «Զենիթում»: Ռուսաստանի հավաքականը կորցրեց երկու տարի: Ադվոկատը նախընտրեց աշխատել հին կազմի հետ` չփորձելով երիտասարդացնել այն: Ոչ մի նոր բան առաջ չբերեց: Ընտրական փուլը հաղթահարվեց բարձր կարգի շնորհիվ, իսկ եզրափակիչ մրցաշարում թիմը ձախողվեց: Հոլանդացին եւս մեկ անգամ ապացուցեց, որ փողից բացի իրեն ոչինչ չի հետաքրքրում: Այս երկու տարում նա ստացավ 14 միլիոն եվրո: Համեմատության համար ասեմ, որ Յոահիմ Լյովը Գերմանիայում վաստակում է տարեկան 2,5 միլիոն եվրո: Հույների խաղից հետո Ադվոկատն ասաց, որ իրեն միեւնույն է, թե ինչ են իր մասին մտածում եւ հենց նույն գիշերը մեկնեց Հոլանդիա: Նույնիսկ հրաժեշտ չտվեց թիմին:
Երկու տարի առաջ, երբ Ադվոկատը խզեց պայմանագիրը Բելգիայի հավաքականի հետ եւ տեղափոխվեց Ռուսաստան, բելգիացիները նրան բնութագրեցին որպես ստախոս, նենգ սրիկա: Այժմ Ռուսաստանում նրա մասին ասում են, որ նա համառ հիմար է, ով սեփական մորը կծախի փողի համար: Իրականում, այս ամենը արդար է ասված: Մնում է միայն չմոռանալ նաեւ նրան նշանակողների մասին:
Ո՞վ կարող է գլխավորել Ռուսաստանի հավաքականը:
Դեռ ոչ մի բան պարզ չէ: Ռուսաստանում խոսում են ռուսաստանցի մասնագետ նշանակելու մասին: Փորձառու մարզիչներ Վալերի Գազաեւը, Յուրի Սյոմինը, Անատոլի Բիշովեցը արդեն աշխատել են հավաքականի հետ, բայց ոչ այդքան հաջող: Իսկ վստահել երիտասարդ մարզիչներին` Լեոնիդ Սլուցկի, Անդրեյ Կոբելեւ, Վալերի Կարպին, Նիկոլայ Պիսարեւ՝ մեծ ռիսկի հարց է:
Այս հարցում պարզություն կլինի, երբ կորոշվի Սերգեյ Ֆուրսենկոյի ճակատագիրը: Եթե նրան փոխարինի Պետդումայի նախկին խոսնակ Բորիս Գրիզլովը, ապա ամենայն հավանականությամբ նոր մարզիչ կդառնա Վալերի Գազաեւը:
Ինչպե՞ս կբացատրեք ֆուտբոլիստների վերաբումունքը երկրպագուների հանդեպ:
Ռուսաստանի հավաքականի ներկայիս կազմի ֆուտբոլիստները մեղմ ասած չեն առանձնանում լավ վարքով եւ բարեհամբուրությամբ: Այդ իսկ պատճառով երկրպագուները այս թիմին այդքան էլ չեն սիրում: Միայն Ձագոեւը կարողացավ իր մեջ տղամարդկություն գտնել եւ ներողություն խնդրել երկրպագուներից: Ահա թե ով կարող է դառնալ թիմի ավագ:
Ո՞վ դառնա Եվրոպայի չեմպիոն:
Կա երեք ֆավորիտ` Գերմանիա, Իսպանիա եւ Ֆրանսիա: Գերմանացիները, ի տարբերություն աշխարհի չեմպիոնների ավելի պրագմատիկ են, ինչը արդյունք է բերում: Ֆրանսիացիները լավ թափ հավաքեցին մրցաշարի ընթացքում: Իսկ իսպանացիները գովասանքի կարիք չունեն: Թե որ թիմը կդառնա չեմպիոն՝ մեծ հաշվով կախված է հանգամանքներից:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.