00:19  ,  17 հոկտեմբերի, 2015

Մխիթարյանի եւ Ռոյսի գոլերը հաղթանակ բերեցին «Բորուսիային»

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրըկալվեց «Մայնցին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

Հաշիվը 18-րդ րոպեին բացեց գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը, իսկ ընդմիջումից 2 րոպե անց վրիպեց 11 մետրանոցից: Խաղի վերջակետը 83-րդ րոպեին դրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հյուրերի մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման: Երկու գոլերի փոխանցումներն էլ կատարեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որին առաջին գոլի դրվագում գնդակը հասցրեց Հենրիխ Մխիթարյանը: Օբամեյանգը գոլ էր խփել նախորդ 8 տուրերի խաղերում՝ սահմանելով Բունդեսլիգայի ռեկորդ:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը գոլերի քանակը հասցրեց 4-ի:

«Բորուսիան» 20 միավորով ընթանում է երկրորդ տեղում: Առաջատարը Մյունխենի «Բավարիան» է, որը 8 խաղից հետո ունի 24 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Մայնց» - «Բորուսիա Դ.»՝ 0:2

Մարկո Ռոյս, 18, Հենրիխ Մխիթարյան, 83

Չիրացրած 11 մետրանոց՝ Մարկո Ռոյս, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում