15:05  ,  2 հոկտեմբերի, 2015

Լեւոն Արոնյան. Սպորտի միջոցով հնարավոր է ազատվել մարդկանց միջեւ անհավասարությունից

Ես տարբերություն չեմ տեսնում հաշմանդամություն ունեցող եւ չունեցող մարդկանց, երեխաների միջեւ: Ինձ համար բոլորն էլ հավասար հնարավորությունների տեր մարդիկ են եւ բոլորի հետ շփվում եմ այդ զգացողությամբ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում Երեւանի շախմատի տանը ներառական կրթություն իրականացնող երեխաների հետ խաղի մեկնարկից առաջ ասաց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:

«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրի ներքո հոկտեմբերի 2-ին Երեւանի շախմատի տանը ներառական եւ միջնակարգ կրթություն անցնող երեխաներ շախմատ խաղացին գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հետ: Անցկացվեց արդեն ավանդույթ դարձած «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խաղ-սեանսը, որի նախաձեռնողներն են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները: Գրոսմայստերի հետ մրցեցին Երեւանի ներառական եւ ոչ ներառական կրթություն իրականացնող դպրոցների 2-5-րդ դասարանների 23 աշակերտներ:

«Մեծ հաճույքով եմ ամեն տարի մասնակցում այս միջոցառմանը: Շատ կարեւոր եմ համարում սպորտի միջոցով մարդկանց միջեւ անհավասարության զգացողությունը դուրս հանելուն: Սպորտը կարող է մարդու միջից դուրս հանել անհասավար լինելու կոմպլեքսը, առողջական խնդիր ունեցող երեխաներին օգնել լինել հավասար:

Շախմատն այն մարզաձեւն է, որով զբաղվելու համար մարդ պետք է ներսից, հոգուց ինչ-որ բան ունենա: Այստեղ շատ տաղանդավոր երեխաներ են խաղում: Քանի որ այս սեանսներին մասնակցող երեխաները կյանքում դժվարություններ ունեն, ես համոզված եմ, որ հաղթահարելով դրանք՝ նրանք կգտնեն իրենց տեղն աշխարհում: Գուցե եւ նրանցից շատերը շախմատային ճանապարհով գնան: Շատ դժվար է երեխայի առաջնային մի քանի քայլերով վստահ ասել, թե նա տաղանդ ունի կամ չունի, քանի որ երեխաներն այսօր արդեն շատ են զբաղվում շախմատով:

Շախմատային տաղանդը բացահայտելու համար հարկավոր է, որ երեխան մի որոշ ժամանակ լինի խաղի մեջ, որպեսզի հասկանաս նրա մտածելու կարողությունը: Հաշանդամություն ունեցող մարդկանց հետ շփումս պարբերաբար է, ունեմ հարազատ մարդիկ, եւ այս երեխաների հետ շփումն միակը չէ: Իրականում, ես տարբերություն չեմ տեսնում հաշմանդամություն ունեցող եւ չունեցող մարդկանց, երեխաների միջեւ: Ինձ համար բոլորն էլ հավասար հնարավորությունների տեր մարդիկ են եւ բոլորի հետ շփվում եմ այդ զգացողությամբ»,- ասաց Լեւոն Արոնյանը:

«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» միջոցառումն անցկացվում է արդեն 6-րդ տարին: Միջոցառումը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին: Գրոսմայստերն արդեն 6 տարին անընդմեջ մասնակցում է միջոցռմանը՝ այդ կերպ միանալով ներառականության գաղափարի տարածմանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում