16:36  ,  1 հոկտեմբերի, 2015

Յուրի Ջորկաեֆի ֆուտբոլային ֆրիսթայլը Երեւանում (ֆոտո)

Ինձ համար շատ կարեւոր է գտնվել այստեղ։ Եկել եմ, որ լինեմ չեմպիոն Ռոբերտ Էմմյանի եւ կիսամարաթոնի մասնակիցների կողքին։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ֆրանսահայ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, ով սեպտեմբերի 30-ին ժամանել է Հայաստան հոկտեմբերի 3-ին Երեւանում կայանալիք կիսամարաթոնին մասնակցելու նպատակով։

«Ինձ համար կարեւոր է լինել այստեղ՝ Հայաստանում, եւ որպես ֆուտբոլի լեգենդ աջակցել սպորտին: Ես եկել եմ՝ մասնակցելու երեւանյան կիսամարաթոնին։ Եկել եմ, որ լինեմ չեմպիոն Ռոբերտ Էմմյանի կողքին, լինեմ նաեւ կիսամարաթոնի մասնակից վազորդների կողքին։ Ինձ համար շատ կարեւոր է այստեղ գտնվելը»,- ասաց Յուրի Ջորկաեֆը։

Ֆուտբոլի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը NEWS.am Sport-ի համար ֆուտբոլային ֆրիսթայլ ցուցադրեց։

Հայկական արմատներով Յուրի Ջորկաֆը Հայաստանի աթլետիկանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հրավերով սեպտեմբերի 30-ին ժամանեց Երեւան։ «Զվարթնոց» օդանավակայանում Յուրի Ջորկաեֆին դիմավորեց Ռոբերտ Էմմիյանը։ Ֆրանսահայ ֆուտբոլիստին հոկտեմբերի 1-ին ընդունել են Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ապա նաեւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

Բոլոր հանդիպումներին Յուրի Ջորկաեֆին ուղեկցել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը։

Հայաստանի սպորտի նախարարի եւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, շրջեց նաեւ Ցեղասպանության թանգարանում։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում