00:38  ,  17 սեպտեմբերի, 2015

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնայի» ոչ հաղթական մեկնարկը, «Արսենալի» սենսացիոն պարտությունը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը պաշտպանող «Բարսելոնան» հերթական արշավը սկսեց Հռոմում: Իտալական «Ռոմայի» հետ խաղում հաշիվը բացեց կատալոնական թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որն աչքի ընկավ 21-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի հրաշալի փոխանցումից հետո:

Առաջին խաղակեսում դաշտի տերերի իտալացի կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին խաղադաշտի գրեթե կենտրոնից կատարած անհավանական հարվածով ոչ մի շանս չտվեց առաջ դուրս եկած դարպասապահ, գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենին՝ 1:1: Ընդմիջումից հետո դարպասի գրավում չգրանցվեց:

100-րդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում անցկացրեց «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը դարձավ այդ նվաճմանը հասած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

E խմբի մյուս խաղում գերմանական «Բայերը» մեծ առավելությամբ հաղթեց բելառուսական ԲԱՏԷ-ին՝ 4:1:

F խմբում լոնդոնյան «Արսենալը» սենսացիոն պարտություն կրեց Զագրեբում: Պրեմյեր լիգայի առաջատարներից մեկը 1:2 հաշվով պարտվեց «Դինամոյին»: Հաշիվը բացվեց հյուրերի անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի ինքնագոլից հետո: Գոլը գրանցվեց խորվաթ պաշտպան Յոսիպ Պիվարիչի հաշվին:

40-րդ րոպեից Արսեն Վենգերի գլխավորած թիմը հանդես էր գալիս տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն: 58-րդ րոպեին «Դինամոյի» չիլիացի հարձակվող Խունիոր Ֆերնանդեսը կրկնապատկեց հաշիվը: Փոխարինման դուրս եկած անգլիացի հարձակվող Թեո Ուոլքոտը 79-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը:

Լոնդոնյան թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 19-րդ մրցաշրջանն է անցկացնում Չեմպիոնների լիգայում գլխավոր մարզիչի կարգավիճակում եւ այդ ցուցանիշով գերազանցեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնի նվաճումը, որը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 18 մրցաշրջան:

Մյունխենի «Բավարիան» Հունաստանում հյուրընկալվեց «Օլիմպիակոսին» եւ հաղթեց գերմանացիներ Թոմաս Մյուլերի դուբլի եւ Մարիո Գյոտցեի գոլի շնորհիվ՝ 3:0:

Չեմպիոնների լիգա, առաջին տուր, առաջին խաղակես

E խումբ

«Ռոմա» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:1

Ալեսանդրո Ֆլորենցի, 31 – Լուիս Սուարես, 21

«Բայեր» (Գերմանիա) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 4:1

Ադմիր Մեհմեդի, 4, Հական Չալհանօղլու, 47, 75, 11մ, Խավյեր էրնանդես, 58 - Նեմանյա Միլունովիչ, 13

F խումբ

«Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա) – «Արսենալ» (Անգլիա)՝ 2:1

Յոսիպ Պիվարիչ, 24, Խունիոր Ֆերնանդես, 58 – Թեո Ուոլքոտ, 79

Հեռացում՝ Օլիվյե Ժիրու («Արսենալ»), 40, երկրորդ դեղին քարտ

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0:3

Թոմաս Մյուլեր, 52, 90+2, 11մ, Մարիո Գյոտցե, 89

 

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում