Լեւոն Արոնյանը նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի հաղթողի տիտղոսը:
Սեպտեմբերի 1-ին անցկացվող վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սեւերով 31-րդ քայլում ոչ ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ, վաստակելով 6 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար: 2-5-րդ տեղերը բաժանեցին 4 շախմատիստներ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը եւս մեկ միավոր զիջեց հայ գրոսմայստերին:
Մրցաշարում Լեւոն Արոնյանը չկրեց պարտություն՝ 9 տուրերում տանելով 3 հաղթանակ ու 6 պարտիա ավարտելով ոչ ոքի: Նա սեւերով հաղթեց Ուեսլի Սոյին եւ Հիկարու Նակամուրային եւ սպիտակներով առավելության հասավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:
Երրորդ անգամ անցկացվող Sinquefield Cup-ի հաղթողի տիտղոսն այս տարի չկարողացավ պաշտպանել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան:
Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատարը վաղուց չէր նվաճել տիտղոս, իսկ վերջին շրջանում շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում դուրս էր մնացել նաեւ լավագույն տասնյակից՝ հայտնվելով 11-րդ տեղում:
Sinquefield Cup-2015, 9-րդ տուր
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 1:0
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Մրցաշարային աղյուսակ
1. Լեւոն Արոնյան - 6 միավոր
2. Մագնուս Կարլսեն - 5
3. Հիկարու Նակամուրա - 5
4. Անիշ Գիրի - 5
5. Մաքսիմ Վաշյե-Լագրավ - 5
6. Ալեքսանդր Գրիշչուկ - 4.5
7. Վեսելին Տոպալով - 4.5
8. Վիշվանաթան Անանդ - 3.5
9. Ֆաբիանո Կարուանա - 3.5
10. Ուեսլի Սո - 3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում