18:58  ,  6 օգոստոսի, 2015

Կլոպ. Պատահական չէ, որ Մխիթարյանը աշխարհի լավագույն շախմատիստների նման հայ է

Գերմանիայում շուտով լույս կտեսնի Դորտմունդի «Բորուսիային» նվիրված գիրք։ Welt.de-ն հրապարակել է այդ գրքից մի հատված։ Թատերագիր Մորիտց Ռինկեն գերմանական թիմի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ զրուցում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

Մորիտց Ռինկե. Չեմ կարողանում մոռանալ դրվագը, երբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Հենրիխ Մխիթարյանը չգրավեց Մադրիդի «Ռեալի» դատարկ դարպասը՝ խփելով դարպասաձողին։ Դրանից հետո նա, կարծես, ամբողջ մրցաշրջանի ընթացքում պայքարում էր ինքն իր դեմ։ Նա, կարծես, արքայազն Համլետի դերը խաղար՝ դժգույն, անվստահ, անհավես, փոխանցումները ուշացած էին կամ անհասցե։ Վերջում նա հայտնվեց պահեստայինների նստարանին։

Յուրգեն Կլոպ. Մխիթարյանն աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է։ Ընտիր տեխնիկայի շնորհիվ նա կարողանում է կատարել գերազանց անհատական անցումներ։ Նա մեծ սպասումներ ունի ինքն իրենից։ Այդ պատճառով էլ կարող է հիասթափվել նույնիսկ հաջող խաղից հետո։ Նա լավ խաղաց «Ռեալի» դեմ, սակայն հիասթափվեց այդ մեկ վրիպումից։ Ֆուտբոլում այդպիսի սխալը կարող է դառնալ ճակատագրական։ Այդպիսի դրվագ կարելի է գտնել նաեւ գրականությունում։

Մորիտց Ռինկե. Այո, Բեկետն է ասում. «Սխալվեք կրկին, ավելի լավ սխալվեք»։

Յուրգեն Կլոպ. Պատահական չէ, որ Մխիթարյանը աշխարհի լավագույն շախմատիստների նման հայ է։ Այլ երկրներում նույնպես խաղում են շախմատ, սակայն Հայաստանում ավելի շատ են ծնվում տաղանդավոր շախմատիստներ։ Հայերն աշխատասեր են, ուժեղ, ջանադրաբար աշխատում են իրենց վրա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում