21:53  ,  13 հունիսի, 2015

Եվրո-2016. Ռոնալդուի հաղթական հեթ-տրիկը Երեւանում

Հայաստանի ազգային հավաքականը հերթական անհաջող խաղն անցկացրեց ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարում: Եվրո-2016-ի 5-րդ խաղում Հայաստանի թիմը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 2:3 հաշվով պարտվեց պորտուգալացիներին: Հյուրերի բոլոր գոլերը խփեց Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ում հայ երկրպագուները սուլոցներով ու հայհոյանքներով էին դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը փոխել էր թիմի տակտիկան՝ հրաժարվելով 5 պաշտպաններով սխեմայից: Հայաստանի թիմը հանդես էր գալիս 4-4-1-1 տակտիկական սխեմայով եւ սկզբնամասում բավական վստահ տեսք ուներ պաշտպանությունում:

Խաղի առաջին իրական գոլային պահը եղավ չորրորդ րոպեին, երբ Գեւորգ Ղազարյանը չկարողացավ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո ընդունել գնդակը եւ հայտնվել հարմար դիրքում: Պորտուգալացիների գրոհները վտանգավոր չէին ստացվում, իսկ դաշտի տերերն աստիճանաբար հասկացան, որ կարելի է ավելի ագրեսիվ խաղալ այս մրցակցի դեմ: 14-րդ րոպեին հյուրերի դարպասից մոտ 30 մետր հեռավորության վրա նշանակվեց տուգանային հարված, որն արտակարգ հարվածով գոլի վերածեց ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Բաց թողած գոլից հետո էլ պորտուգալացիները չէին կարողանում լրջորեն անհանգստացնել Ռոման Բերեզովսկուն, թեեւ հաճախ էին գրոհում: Առաջին խաղակեսի միջնամասում վնասվածք ստացավ Կառլեն Մկրտչյանը, եւ մինչեւ մարզիչները ցանկանում էին փոխարինել նրան, Հայաստանի հավաքականը գոլ բաց թողեց 10 հոգով: Հենրիխ Մխիթարյանը տուգանային հրապարակում խախտեց կանոնները, իսկ տանտերերի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը վստահորեն իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի գրեթե բոլոր վտանգավոր գրոհները կազմակերպում էր Հենրիխ Մխիթարյանը, ով 2 հենակետային կիսապաշտպաններից մեկն էր եւ կատարում էր հսկայական աշխատանք: Խաղը մի պահ հանգստացել էր, բայց պորտուգալացիներն ընդմիջման գնալուց վայրկյաններ առաջ կատարեցին մեկ վտանգավոր հարված, որից հետո Բերեզովսկին հաջող խաղաց:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեց Հայաստանի հավաքականը, որը տարբեր ուղիներ էր փնտրում դեպի մրցակցի դարպասը: Ամեն ինչ փոխվեց 55-րդ րոպեին, երբ Ռոնալդուն օգտվեց Ռոբերտ Արզումանյանի եւ Ռոման Բերեզովսկու անհամաձայնեցված գործողություններից եւ առաջ մղեց պորտուգալացիներին: Հայաստանի թիմը դեռ ուշքի չէր եկել տեղի ունեցածից, երբ Պորտուգալիայի հավաքականի ավագը 58-րդ րոպեին գեղեցիկ հարվածով դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Քիչ անց տանտերերի կազմում փոխարինման դուրս եկավ ծանր վնասվածքից ապաքինված Արաս Օզբիլիսը, իսկ հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով: Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Տիագու Մենդեշը 62-րդ րոպեին զգուշացվեց երկրորդ անգամ եւ լքեց խաղադաշտը: Կարմիր քարտից հետո պորտուգալացիները կարծես վերահսկում էին խաղը, իսկ Հայաստանի թիմի գրոհները վտանգավոր չէին ստացվում: Տանտերերը մի պահ մեծացրին ճնշումը եւ կրճատեցին հաշիվը: Անկյունայինի խաղարկման արդյունքում 71-րդ րոպեին աչքի ընկավ իրանական «Էսթեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանը: Խաղի վերջնամասում դաշտի տերերն ունեին նկատելի առավելութոյւն, սակայն մեծ ուժեր չէին կենտրոնացնում առջեւի գծում, եւ պարտությունից խուսափել չհաջողվեց:

Պորտուգալացիները 12 միավորով I խմբի առաջատարն են, իսկ Հայաստանն ունի մեկ միավոր եւ վերջինն է: Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 4-ին՝ Բելգրադում հյուրընկալվելով սերբերին, որոնց դեմ երեւանյան հանդիպումն ավարտել է 1:1 հաշվով:

Եվրո-2016-ի ընտրական փուլ, 6-րդ տուր

Հայաստան - Պորտուգալիա՝ 2:3

Մարկոս Պիզելի, 14, Հրայր Մկոյան, 71 – Կրիշտիանու Ռոնալդու, 29 (11մետրանոց), 55, 58

Հեռացում՝ Տիագո Մենդեշ, 62

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Ռոբերտ Արզումանյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան (Ռումյան Հովսեփյան, 28), Հենրիխ Մխիթարյան, Կամո Հովհաննիսյան (Արաս Օզբիլիս, 61), Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Արթուր Սարկիսով (Ռուսլան Կորյան, 72):

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»), Վիեյրինյա («Վոլֆսբուրգ»), Ռիկարդո Կարվալյու («Մոնակո», Ժոզե Ֆոնտե, 79), Բրունո Ալվեշ («Ֆեներբահչե»), Էլիզեու («Բենֆիկա»), Ֆաբիու Կուենտրաու («Ռեալ», Անդրե Սիլվա, 72), Տիագո Մենդեշ («Աթլետիկո»), Ժոաո Մոուտինյո («Մոնակո»), Դանի («Զենիթ», Ուիլյամ Կարվալյու, 64), Լուիշ Նանի («Սպորտինգ»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով