Տեսական հնարավորություններ դեռ կան, եւ մենք հավատում ենք, որ կստացվի ընտրական մրցաշարում։ Այդ մասին պորտուգալացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպման նախախաղային ասուլիսում նշեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը:
«Ամեն մարզիչ ունի իր մտահաղացումները: Բեռնար Շալանդն ուներ իր մտքերը, ես՝ իմը: Փորձում եմ մարզումներին փորձս փոխանցել ֆուտբոլիստներին: Ինչ վերաբերում է Արթուր Եդիգարյանին, ապա ցանկացած մարզիչ իր կարծիքն ունի: Եկեք հավատանք մարզիչին, չնայած տվյալ դեպքում այլ կերպ չի էլ կարող լինել: Ես այդպես եմ ճիշտ գտել, եւ այդպես էլ պետք է լինի: Դուք ընդամենը լրագրողներ եք եւ պրոֆեսիոնալ չեք: Դուք չեք կարող իմանալ, թե ֆուտբոլիստներից ով, ինչ վիճակում է: Դա ձեր իրավունքն է, կարող եք գրել ձեր կարծիքը: Ոչ ոք չի կարող ինձնից պահանջել հավաքական հրավիրել Արթուր Եդիգարյանին:
Մենք հասկանում ենք, որ վաղվա խաղի համար լուրջ աստղեր են ժամանել, եւ մեր խնդիրները քիչ չեն լինելու: Հավատացնում եմ ձեզ, խաղադաշտում հնարավոր է խաղալ ցանկացած ֆուտբոլիստի դեմ: Պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները, եւ ամեն բան հնարավոր է: Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղերում դրական արդյունքներ ունեցել ենք նաեւ նախկինում:
Թե՛ Կառլեն Մկրտչյանը, թե՛ Լեւոն Հայրապետյանը լավ մարզավիճակում են: Նրանց վիճակը գնահատում եմ շատ լավ: Դա վաղը կտեսնեք խաղադաշտում:
Առաջին սպասելիքը լավ ու հետաքրքիր ֆուտբոլ խաղալն է: Եթե լավ ֆուտբոլ ցուցադրենք, արդյունքը կլինի: Երկրպագուներին պետք է դուր գա մեր խաղը: Պորտուգալիան այն հավաքականը չէ, որ վերահսկենք մեկ ֆուտբոլիստի: Պետք է ուշադիր գործենք բոլորի նկատմամբ: Ամբողջությամբ կենտրոնացած ենք այս խաղի վրա եւ չենք մտածում այլ մրցակիցների մասին: Կապ չունի, թե ով է մրցակիցը: Պետք է հաղթենք, քանի որ դա դրական լիցքեր է հաղորդում:
Իմ առջեւ ֆեդերացիան նպատակներ դրել է: Տեսական հնարավորություններ դեռ կան, եւ մենք հավատում ենք, որ կստացվի: Նպատակը գեղեցիկ խաղալն ու հաղթելն է: Կարծում եմ՝ դրանից վեր նպատակ չի կարող լինել: Հավատացնում եմ ձեզ, որ Հայաստանի հավաքականի կազմում խաղադաշտ դուրս կգան նրանք, ովքեր պատրաստ են 100 տոկոսով: Չեմ ցանկանա խոսել մեր թիմի տակտիկայից եւ մրցակցին տրամադրել այդպիսի տեղեկատվություն:
Ազգային հավաքականն ու ակումբային աշխատանքն այլ են: Հայաստանի առաջնությունում հաղթանակը չի կարող վստահություն հաղորդել այսպիսի աշխատանքում: Ժամանակը ցույց կտա՝ կարող եմ ես, թե՝ ոչ:
Առանց Յուրա Մովսիսյանի էլ նորմալ ենք պատրաստվում: Նրա փոխարեն խաղացողը կունենա ավելի մեծ ցանկություն: Յուրային փոխարինողը պետք է ապացուցի, որ արժանի է խաղալուն»,- ասաց Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ Հայաստան – Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:
Դավիթ Եղիազարյան
Ֆոտո՝ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում