Սարգիս Հովսեփյան. Հնարավորություններ դեռ կան, եւ մենք հավատում ենք, որ կստացվի

19:06   12 հունիսի, 2015

Տեսական հնարավորություններ դեռ կան, եւ մենք հավատում ենք, որ կստացվի ընտրական մրցաշարում։ Այդ մասին պորտուգալացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպման նախախաղային ասուլիսում նշեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը:

«Ամեն մարզիչ ունի իր մտահաղացումները: Բեռնար Շալանդն ուներ իր մտքերը, ես՝ իմը: Փորձում եմ մարզումներին փորձս փոխանցել ֆուտբոլիստներին: Ինչ վերաբերում է Արթուր Եդիգարյանին, ապա ցանկացած մարզիչ իր կարծիքն ունի: Եկեք հավատանք մարզիչին, չնայած տվյալ դեպքում այլ կերպ չի էլ կարող լինել: Ես այդպես եմ ճիշտ գտել, եւ այդպես էլ պետք է լինի: Դուք ընդամենը լրագրողներ եք եւ պրոֆեսիոնալ չեք: Դուք չեք կարող իմանալ, թե ֆուտբոլիստներից ով, ինչ վիճակում է: Դա ձեր իրավունքն է, կարող եք գրել ձեր կարծիքը: Ոչ ոք չի կարող ինձնից պահանջել հավաքական հրավիրել Արթուր Եդիգարյանին:

Մենք հասկանում ենք, որ վաղվա խաղի համար լուրջ աստղեր են ժամանել, եւ մեր խնդիրները քիչ չեն լինելու: Հավատացնում եմ ձեզ, խաղադաշտում հնարավոր է խաղալ ցանկացած ֆուտբոլիստի դեմ: Պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները, եւ ամեն բան հնարավոր է: Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղերում դրական արդյունքներ ունեցել ենք նաեւ նախկինում:

Թե՛ Կառլեն Մկրտչյանը, թե՛ Լեւոն Հայրապետյանը լավ մարզավիճակում են: Նրանց վիճակը գնահատում եմ շատ լավ: Դա վաղը կտեսնեք խաղադաշտում:

Առաջին սպասելիքը լավ ու հետաքրքիր ֆուտբոլ խաղալն է: Եթե լավ ֆուտբոլ ցուցադրենք, արդյունքը կլինի: Երկրպագուներին պետք է դուր գա մեր խաղը: Պորտուգալիան այն հավաքականը չէ, որ վերահսկենք մեկ ֆուտբոլիստի: Պետք է ուշադիր գործենք բոլորի նկատմամբ: Ամբողջությամբ կենտրոնացած ենք այս խաղի վրա եւ չենք մտածում այլ մրցակիցների մասին: Կապ չունի, թե ով է մրցակիցը: Պետք է հաղթենք, քանի որ դա դրական լիցքեր է հաղորդում:

Իմ առջեւ ֆեդերացիան նպատակներ դրել է: Տեսական հնարավորություններ դեռ կան, եւ մենք հավատում ենք, որ կստացվի: Նպատակը գեղեցիկ խաղալն ու հաղթելն է: Կարծում եմ՝ դրանից վեր նպատակ չի կարող լինել: Հավատացնում եմ ձեզ, որ Հայաստանի հավաքականի կազմում խաղադաշտ դուրս կգան նրանք, ովքեր պատրաստ են 100 տոկոսով: Չեմ ցանկանա խոսել մեր թիմի տակտիկայից եւ մրցակցին տրամադրել այդպիսի տեղեկատվություն:

Ազգային հավաքականն ու ակումբային աշխատանքն այլ են: Հայաստանի առաջնությունում հաղթանակը չի կարող վստահություն հաղորդել այսպիսի աշխատանքում: Ժամանակը ցույց կտա՝ կարող եմ ես, թե՝ ոչ:

Առանց Յուրա Մովսիսյանի էլ նորմալ ենք պատրաստվում: Նրա փոխարեն խաղացողը կունենա ավելի մեծ ցանկություն: Յուրային փոխարինողը պետք է ապացուցի, որ արժանի է խաղալուն»,- ասաց Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան – Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ NEWS.am Sport



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.