23:03  ,  9 հունիսի, 2015

Անդրանիկ Կարապետյանն՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճել է  Վրոցլավում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երկամարտի ոսկե մեդալը՝ ցույց տալով 335 կգ (155+180): Նա պոկում վարժությունում երկու անհաջող փորձից հետո կարողացավ բարձրացնել 155 կգ եւ նվաճել փոքր ոսկե մեդալը:

Հրում վարժությունում ուժեղագույնների խմբի 12 մասնակիցներից հինգը ձախողվեցին: Անդրանիկը առաջին մոտեցման ժամանակ 180 կգ բարձրացեց ու դարձավ առաջատար: Նրա գլխավոր մրցակիցը՝ 19-ամյա իրանցի ծանրորդ Ալի Միրին չնայած գործադրած բոլոր ջանքերին, թեժ մրցակցությունում չկարողացավ երկամարտում առաջ անցնել Կարապետյանից: Միրին հրում վարժությունում 182 կգ ցուցանիշով փոքր ոսկե մեդալին արժանցավ, սակայն դա բավարար չեղավ Անդրանիկին երկամարտում շրջանցելու համար: Իրանցի ծանրորդը երկամարտի 332 կգ (150+182) արդյունքով դարձավ փոխչեմպիոն: Բրոնզե մեդալը նվաճեց ռումինացի 18-ամյա ծանրորդ Իլիե Ստոյանը, որը երկամարտում արձանագրեց 326 կգ (148+178) արդյունք:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի կայքը հիշեցնում է, որ 19-ամյա Անդրանիկ Կարապետյանը ապրիլին Թբիլիսիում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում երկամարտի 350 կգ (164+186) արդյունքով դարձել էր բրոնզե մեդալակիր:  Նա նաեւ 2012թ. պատանիների աշխարհի չեմպիոնն է, ու հիմա էլ նրան են պատկանում պոկում վարժության (151 կգ) եւ երկամարտի (331 կգ) աշխարհի պատանեկան ռեկորդները, որոնք նա սահմանել է Կոշիցեում կայացած աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով