17:32  +04,  12 հունիսի, 2012

Հայկական թիավարության զարգացմանը խանգարում են ՀԷԿ-երը

Երբ ջրային տարածքները կայուն վիճակում կլինեն եւ էլեկտրակայանները դրանց հաշվին քիչ կաշխատացնեն, այդ ժամանակ միայն թիավարությունում կունենանք բարձր արդյունքներ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի կանոէի եւ թիավարության ֆեդերացիայի նախագահ Հրաչիկ Խուդոյանը: Երեւանյան լճում անցկացվեց թիավարության Հայաստանի առաջնությունը։

«Արդյունքներն առաջին կարգի էին, բայց ցավոք սպորտի վարպետի արդյունքներ չունեցանք: Սպորտի վարպետի արդյունք չունենք զուտ այն պատճառով, որ հաստատուն մրցատարածք չկա: Պարզ է, որ մրցատարածքից է կախված մեր  արդյունքները, իսկ այն հնարավոր չէ՝ ջրային տարածքի տատանողական վիճակի պատճառով: Ջրի մակարդակը պարբերաբար փոխվում է եւ մենք չենք կարողանում կայուն արդյունք ունենալ: Շատ հնարավոր է, որ մեր մարզիկներն այսօր սպորտի վարպետի արդյունք ցույց տան, բայց մրցատարածքի կայուն չլինելու պատճառով, այդ նորմատիվները գրանցել կամ հաստատ որոշել ցուցանիշները չենք կարող: Մեր մարզիկները միջազգային մրցասպարեզներում էլ են լրացնում սպորտի վարպետի նորմաներ: Նույնիսկ՝ սպորտի միջազգային վարպետի նորմա ենք ցույց տալիս, բայց չենք հստակեցնում այդ արդյունքները կայուն ջրային տարածք եւ մրցատարածքը չունենալու պատճառով»,- պարզաբանեց Հ. Խուդոյանը:

Ֆեդերացիայի նախագահը բավարար գնահատեց թիավարողների ցուցաբերած ներկայիս արդյունքները, սակայն կրկին շեշտեց պայմանների բացակայությունը:

«Լավ պայմաններում չենք մարզվում, որ ավելին սպասենք: Մեր հիմնական թերությունները գալիս են մարզումներին խանգարող հանգամանքներից. լճերի մակարդակները անկայուն են պահպանում: Կարող ես այսօր տեսնել այս մակարդակի լիճը, մեկ շաբաթ հետո հնարավոր է ընդհանրապես ջուր չլինի լճում: Դրա համար էլ չենք կարողանում մարզվել եւ լավ արդյունքներ ցուցաբերել: Լճերն իջեցնում են հավանաբար էլեկտրակայանները, ՀԷԿ-եր աշխատացնելու համար: Ոչ ոք ոչ մի անգամ ուշադրություն չի դարձնում, որ այդ ամենից տուժում է մարզաձեւը: Պարզ է, որ այս մարզաձեւից ոչ մի շահույթ չկա, բայց ՀԷԿ-երից՝ կա: Ինչո՞ւ պիտի ՀԷԿ-ը չաշխատի, իրենց եկամուտ չբերի, ինչ է որ թիավարողները թիավարեն: Եթե ջուրը այսպիսի պայմաններում մնա, դժվար թե միջազգային մրցասպարեզում լավ արդյունք ցուցաբերենք»,- զայրացավ Հ. Խուդոյանը:

Պարզվում է՝ բացի Երեւանյան լճի մակարդակի տատանումից, Հայաստանի մարզերի ջրային տարածքներն էլ են նույն կարգավիճակում գտնվում, ինչից նորից տուժում են թիավարները:  Օրինակ՝ Հ. Խուդոյանը նշեց, որ Հրազդանում գոյություն ունի երկու լիճ: Ջուրը անընդհատ իջնում է: Երբեմն լճերի ջուրն այնքան են իջեցնում, որ  թին նույնիսկ կպնում է հատակին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցեց նաեւ Հրազդանի թիավարության մարզիչ Շահեն Պետրոսյանը:

«Թիավարության մարզումների սեզոնը 8 ամիս է: Մենք այս 8 ամսից օգտագործում ենք միայն մի քանի ամիսը: Արձակուրդները սկսվում են հունիսի 1-ից: Մենք նույնիսկ հնարավորություն չունենք ամառվա երեք ամիսը՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը նորմալ մարզվել՝ Հրազդանի լճերի ոչ կայուն մակարդակի պատճառով: Հրազդանում առավոտյան տեսնում ենք լիճը լիարժեք իր մակարդակի վրա է, երեկոյան գալիս տեսնում ենք՝ լճում ջուր չկա: Մենք ոչ մի հնարավորություն չունենք հիմա մարզվելու: Հրազդանում ունենք չորս խումբ՝ 60 մարզիկ: Մենք այս պահին մարզվում ենք ֆիզիկական պատրաստականության վրա, բայց կոնկրետ թիավարությամբ շատ քիչ ենք մարզվում»,- նշեց Շ. Պետրոյանը:

Ֆեդերացիայի նախագահն ավելացրեց.

«Մեր մարզիչները, ես, մարզադպրոցի  տնօրենը բազմիցս դիմել ենք Հրազդանի մարզպետարան: Նրանք  ասում են՝ կառավարության որոշում է, այդ որոշման համաձայն իջեցնում են լիճը եւ ոչինչ անել չեն կարող: Եվ այսպես այս հարցը մնում է միշտ բաց: Նույնը կարելի է ասել Երեւանյան լճի մասին: Ապրիլ ամսից հետո, երբ լիճը նոր էր լցվում, շուրջ մեկ ամիս մենք չկարողացանք մարզվել: Մասնավորապես օդից կախված մնաց ակադեմիական թիավարությունը: Այս մրցաձեւը յուրահատուկ պայմաններ է պահանջում»:
 
Ջրի մակարդակի տատանումների խնդիր չկա միայն Սեւանա լճում: Սեւանի մարզադպրոցի փոխտնօրեն, թիավարության մարզիչ Ավետիք Մալխասյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ Սեւանում թիավարների խնդիրը միայն ֆինանսն է:

«Սեւանում ջրի խնդիր չկա: Մեր հիմնական խնդիրն այն է, որ չունենք որեւէ ֆինանսավորում: Չենք կարողանում որեւէ ձմեռային հավաք կազմակերպել կամ մասնակցել որեւէ հավաքի: Նույնիսկ Երեւանում մրցումներին մասնակցելու համար  գալու-գնալու ոչ մի լումա չունենք: Մեր մարզադպրոցը նախարարությանն է, բայց ոչ մի լումա աջակցություն չենք ստանում: Եթե Սեւանի մարզիկները մասնակցեն մրցումների, լավ արդյունքներ կցուցաբերենք, քանի որ շատ են մարզվում, ջրային տարածքի խնդիր չունեն, զբաղվողներն էլ շատ են: Նույնիսկ այսօր եկել ենք Երեւան, բայց  հյուրանոցում մնալու համար գումար չունենք»,- ասաց Ա. Մալխասյանը:

Հ. Խուդոյանն էլ ավելացրեց, որ ֆեդերացիան հյուրանոցային սենյակներ չունի եւ սեւանցիները Երեւանում մրցման ժամանակ ստիպված են գիշերել նավակների պահեստատնակներում:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ