17:32 12 հունիսի, 2012Երբ ջրային տարածքները կայուն վիճակում կլինեն եւ էլեկտրակայանները դրանց հաշվին քիչ կաշխատացնեն, այդ ժամանակ միայն թիավարությունում կունենանք բարձր արդյունքներ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի կանոէի եւ թիավարության ֆեդերացիայի նախագահ Հրաչիկ Խուդոյանը: Երեւանյան լճում անցկացվեց թիավարության Հայաստանի առաջնությունը։
«Արդյունքներն առաջին կարգի էին, բայց ցավոք սպորտի վարպետի արդյունքներ չունեցանք: Սպորտի վարպետի արդյունք չունենք զուտ այն պատճառով, որ հաստատուն մրցատարածք չկա: Պարզ է, որ մրցատարածքից է կախված մեր արդյունքները, իսկ այն հնարավոր չէ՝ ջրային տարածքի տատանողական վիճակի պատճառով: Ջրի մակարդակը պարբերաբար փոխվում է եւ մենք չենք կարողանում կայուն արդյունք ունենալ: Շատ հնարավոր է, որ մեր մարզիկներն այսօր սպորտի վարպետի արդյունք ցույց տան, բայց մրցատարածքի կայուն չլինելու պատճառով, այդ նորմատիվները գրանցել կամ հաստատ որոշել ցուցանիշները չենք կարող: Մեր մարզիկները միջազգային մրցասպարեզներում էլ են լրացնում սպորտի վարպետի նորմաներ: Նույնիսկ՝ սպորտի միջազգային վարպետի նորմա ենք ցույց տալիս, բայց չենք հստակեցնում այդ արդյունքները կայուն ջրային տարածք եւ մրցատարածքը չունենալու պատճառով»,- պարզաբանեց Հ. Խուդոյանը:
Ֆեդերացիայի նախագահը բավարար գնահատեց թիավարողների ցուցաբերած ներկայիս արդյունքները, սակայն կրկին շեշտեց պայմանների բացակայությունը:
«Լավ պայմաններում չենք մարզվում, որ ավելին սպասենք: Մեր հիմնական թերությունները գալիս են մարզումներին խանգարող հանգամանքներից. լճերի մակարդակները անկայուն են պահպանում: Կարող ես այսօր տեսնել այս մակարդակի լիճը, մեկ շաբաթ հետո հնարավոր է ընդհանրապես ջուր չլինի լճում: Դրա համար էլ չենք կարողանում մարզվել եւ լավ արդյունքներ ցուցաբերել: Լճերն իջեցնում են հավանաբար էլեկտրակայանները, ՀԷԿ-եր աշխատացնելու համար: Ոչ ոք ոչ մի անգամ ուշադրություն չի դարձնում, որ այդ ամենից տուժում է մարզաձեւը: Պարզ է, որ այս մարզաձեւից ոչ մի շահույթ չկա, բայց ՀԷԿ-երից՝ կա: Ինչո՞ւ պիտի ՀԷԿ-ը չաշխատի, իրենց եկամուտ չբերի, ինչ է որ թիավարողները թիավարեն: Եթե ջուրը այսպիսի պայմաններում մնա, դժվար թե միջազգային մրցասպարեզում լավ արդյունք ցուցաբերենք»,- զայրացավ Հ. Խուդոյանը:
Պարզվում է՝ բացի Երեւանյան լճի մակարդակի տատանումից, Հայաստանի մարզերի ջրային տարածքներն էլ են նույն կարգավիճակում գտնվում, ինչից նորից տուժում են թիավարները: Օրինակ՝ Հ. Խուդոյանը նշեց, որ Հրազդանում գոյություն ունի երկու լիճ: Ջուրը անընդհատ իջնում է: Երբեմն լճերի ջուրն այնքան են իջեցնում, որ թին նույնիսկ կպնում է հատակին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցեց նաեւ Հրազդանի թիավարության մարզիչ Շահեն Պետրոսյանը:
«Թիավարության մարզումների սեզոնը 8 ամիս է: Մենք այս 8 ամսից օգտագործում ենք միայն մի քանի ամիսը: Արձակուրդները սկսվում են հունիսի 1-ից: Մենք նույնիսկ հնարավորություն չունենք ամառվա երեք ամիսը՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը նորմալ մարզվել՝ Հրազդանի լճերի ոչ կայուն մակարդակի պատճառով: Հրազդանում առավոտյան տեսնում ենք լիճը լիարժեք իր մակարդակի վրա է, երեկոյան գալիս տեսնում ենք՝ լճում ջուր չկա: Մենք ոչ մի հնարավորություն չունենք հիմա մարզվելու: Հրազդանում ունենք չորս խումբ՝ 60 մարզիկ: Մենք այս պահին մարզվում ենք ֆիզիկական պատրաստականության վրա, բայց կոնկրետ թիավարությամբ շատ քիչ ենք մարզվում»,- նշեց Շ. Պետրոյանը:
Ֆեդերացիայի նախագահն ավելացրեց.
«Մեր մարզիչները, ես, մարզադպրոցի տնօրենը բազմիցս դիմել ենք Հրազդանի մարզպետարան: Նրանք ասում են՝ կառավարության որոշում է, այդ որոշման համաձայն իջեցնում են լիճը եւ ոչինչ անել չեն կարող: Եվ այսպես այս հարցը մնում է միշտ բաց: Նույնը կարելի է ասել Երեւանյան լճի մասին: Ապրիլ ամսից հետո, երբ լիճը նոր էր լցվում, շուրջ մեկ ամիս մենք չկարողացանք մարզվել: Մասնավորապես օդից կախված մնաց ակադեմիական թիավարությունը: Այս մրցաձեւը յուրահատուկ պայմաններ է պահանջում»:
Ջրի մակարդակի տատանումների խնդիր չկա միայն Սեւանա լճում: Սեւանի մարզադպրոցի փոխտնօրեն, թիավարության մարզիչ Ավետիք Մալխասյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ Սեւանում թիավարների խնդիրը միայն ֆինանսն է:
«Սեւանում ջրի խնդիր չկա: Մեր հիմնական խնդիրն այն է, որ չունենք որեւէ ֆինանսավորում: Չենք կարողանում որեւէ ձմեռային հավաք կազմակերպել կամ մասնակցել որեւէ հավաքի: Նույնիսկ Երեւանում մրցումներին մասնակցելու համար գալու-գնալու ոչ մի լումա չունենք: Մեր մարզադպրոցը նախարարությանն է, բայց ոչ մի լումա աջակցություն չենք ստանում: Եթե Սեւանի մարզիկները մասնակցեն մրցումների, լավ արդյունքներ կցուցաբերենք, քանի որ շատ են մարզվում, ջրային տարածքի խնդիր չունեն, զբաղվողներն էլ շատ են: Նույնիսկ այսօր եկել ենք Երեւան, բայց հյուրանոցում մնալու համար գումար չունենք»,- ասաց Ա. Մալխասյանը:
Հ. Խուդոյանն էլ ավելացրեց, որ ֆեդերացիան հյուրանոցային սենյակներ չունի եւ սեւանցիները Երեւանում մրցման ժամանակ ստիպված են գիշերել նավակների պահեստատնակներում:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.