00:36  ,  6 մայիսի, 2015

Չեմպիոնների լիգա. «Ռեալը» պարտված լքեց Թուրինը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» Թուրինում 1:2 հաշվով պարտվեց «Յուվենտուսին»:

Իտալիայի չեմպիոնը շատ ակտիվ սկսեց խաղը եւ սկզբնամասում մեծ ճնշում էր գործադրում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի վրա: Արքայական ակումբը փորձում էր խաղը հանգստացնել գնդակի վերահսկումով, սակայն «Յուվենտուսին» հաջողվեց առավելությունը վերածել արագ գոլի: 9-րդ րոպեին հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, ով Կարլոս Տեւեսի հարվածից հետո գրավեց դատարկ դարպասը եւ չտոնեց նախկին թիմին խփած գոլը: Սկզբնամասում մադրիդցիները չէին կարողանում ստեղծել իրական գոլային պահեր, բայց մի քանի հարվածներ կատարեցին Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասի ուղղությամբ: Առաջին խաղակեսի միջնամասում «Յուվենտուսը» նվազեցրել էր ճնշումը, իսկ հյուրերը, աստիճանաբար հավասարեցնելով խաղը, խփեցին պատասխան գոլը: 27-րդ րոպեին կոլումբացի Խամես Ռոդրիգեսի հիանալի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն գրավեց դատարկ դարպասը՝ Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում խփելով 9-րդ գոլը եւ հավասարվելով ռմբարկուների ցուցակը գլխավորող Լուիս Ադրիանոյին («Շախտյոր»): Առաջին խաղակեսի վերջնամասն անցնում էր առանց իրական գոլային պահերի, թեեւ «Ռեալը» կորցրեց հաշվի մեջ առջեւում ընդմիջման գնալու իրական շանս: Խամես Ռոդրիգեսը 44-րդ րոպեին կարող էր առաջ մղել հյուրերին, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Տանտերերն ակտիվ սկսեցին նաեւ երկրորդ խաղակեսը ու դարձյալ խփեցին արագ գոլ: 58-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսն անվրեպ իրացրեց իր վաստակած 11 մետրանոցը եւ, գոլային փոխանցմանը գումարելով գոլ, դարձյալ առաջ մղեց «Յուվենտուսին»: Այդ գոլից քիչ անց թուրինցիները փոխեցին տակտիկան՝ անցնելով 5 պաշտպաններով սխեմային: Վերջնամասում «Ռեալի» գրոհները վտանգավոր չէին ստացվում, իսկ «Յուվենտուսն», աչքի ընկնելով գրագետ պաշտպանությամբ, խաղում էր հակագրոհներով եւ կարողացավ պահպանել հաղթական հաշիվը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 13-ին Մադրիդում:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 2:1

Ալվարո Մորատա, 9, Կարլոս Տեւես, 58 - Կրիշտիանու Ռոնալդու, 27

«Յուվենտուս». Ջանլուիջի Բուֆոն, Ստեֆան Լիխշտայներ, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի, Պատրիս Էվրա, Անդրեա Պիրլո, Կլաուդիո Մարկիզիո, Ստեֆանո Ստուրարո (Անդրեա Բարցալի, 64), Արտուրո Վիդալ, Կարլոս Տեւես (Ռոբերտո Պերեյրա, 86), Ալվարո Մորատա (Ֆերնանդո Լյորենտե, 78):

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Պեպե, Ռաֆայել Վարան, Մարսելո, Սերխիո Ռամոս, Տոնի Կրոս, Իսկո (Չիչարիտո, 63), Խամես Ռոդրիգես, Գարեթ Բեյլ (Խեսե, 86), Կրիշտիանու Ռոնալդու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում