Ինքս պատրաստ եմ մեկնել Բաքու, բայց վերջնական որոշումը պետք է ընդունի ֆեդերացիան եւ մարզչական շտաբը: Կախված է նաեւ այն բանից, թե ով այդ պահին կլինի գերազանց մարզավիճակում:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը:
Վոլոդյա, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպի կոչման կապակցությամբ: Դեռեւս այս ամսվա սկզբին Մինսկում կայացած միջազգային խոշոր մրցաշարում դու հաղթեցիր տիտղոսակիր եւ փորձառու ըմբիշների եւ դարձար ոսկե մեդալակիր: Պատմիր այդ մրցաշարում քո մրցելույթի մասին:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Մեդվեդի մրցաշարին շատ լավ մարզավիճակում էի եւ լավ էի ինձ զգում: Հաղթանակից հետո ավելի ոգեւորվեցի: Մի քանի օր հանգստացա եւ վերսկսեցի մարզումներս, որպեսզի լավ մարզավիճակում մնամ Եվրոպայի Մ-23 առաջնության համար: Ինձ հաջողվեց լուծել իմ առջեւ դրված բոլոր խնդիրները:
Մրցաշարի եւ Եվրոպայի Մ-23 առաջնության միջեւ մոտ երկու շաբաթ էր, հասցրե՞լ էիր ամբողջովին վերականգնել ուժերդ:
Այո, ինձ հաջողվեց արագ վերականգնվել, քանի որ այդ մրցաշարում հաղթելուց հետո ինձ ավելի վստահ էի զգում:
Եթե համեմատենք Մեդվեդի անվան մրցաշարը, որը մեծահասակների էր եւ Եվրոպայի առաջնությունը, որտե՞ղ էր ավելի բարդ հաղթելը:
Երկուսն էլ իրենց բարդության աստիճաններն ունեին: Մեդվեդի մրցաշարում շատ բարդ մրցակցություն էր, բայց Եվրոպայի առաջնությունն ավելի մեծ պատասխանատվություն էր պահանջում, այդտեղից էլ հոգեբանական ճնշումն էր ավելանում:
Ինչպե՞ս ես հաղթահարում հոգեբանական խնդիրները, լարվածությունը:
Կարծում եմ՝ հոգեբանական խնդիրների հաղթահարումը փորձից է կախված: Եթե մարզիկը մրցումային մեծ փորձ ունի, ապա փուլ առ փուլ նրան ավելի հեշտ է լինում կառավարել էմոցիաներն ու ամեն ինչ պահել հսկողության տակ:
Այս տարիքային խումբը (Մ-23) նոր է ըմբշամարտում, իսկ դու հանդիսանում ես նաև ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամ: Ելույթներդ համատեղելո՞ւ ես:
Կարելի է ասել՝ Եվրոպայի առաջնությունն ինձ համար առաջինն ու վերջինն էր այս տարիքային խմբում, տարիքս այլեւս թույլ չի տա մասնակցել: Մնացած բոլոր առաջնություններն ու հաղթանակները կլինեն մեծահասակներում:
Առջեւում Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերն են, ինչպիսի՞ն է քո դիրքորոշումը այս Խաղերին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ: Ինքդ պատրա՞ստ ես մեկնել:
Ինքս պատրաստ եմ մեկնել Բաքու, բայց վերջնական որոշումը պետք է ընդունի ֆեդերացիան եւ մարզչական շտաբը: Կախված է նաեւ նրանից, թե ով այդ պահին կլինի գերազանց մարզավիճակում:
Ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում:
Առաջիկայում ցանկանում եմ մի փոքր հանգստանալ: Ծանրաբեռնված տարի էր ինձ համար:
Շուշանիկ Հակոբյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում