18:16  +04,  16 մարտի, 2015

Ֆիթնեսի աստղ Դմիտրի Յաշանկինը՝ Հայաստանում (ֆոտո)

Երեւանի Orange Fitness ակումբի հրավերով առաջին անգամ Հայաստան այցելեց համաշխարհային ֆիթնեսի աստղ, աշխարհի բազմակի չեմպիոն Դմիտրի Յաշանկինը կնոջ՝ Օքսանա Յաշանկինայի հետ: Նա անցկացրեց վարպետության դաս ակումբի անդամների համար, ինչպես նաեւ մարզիչների վերապատրաստում:

Լրագրողների հետ զրույցում Յաշանկինը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում եւ զարմացած է այստեղի սրահով եւ մարզիչներով. «Շատ մեծ է սրահը, առաջին անգամ եմ նման բան տեսնում: Բազմաթիվ երկրներ եմ այցելել, գրեթե բոլոր սրահները փոքր են եղել: Նրանք սպորտից լավ տեղեկացված են, հետաքրքրված եւ ցանկանում են իմանալ ավելին, որպեսզի հասնեն առավել լավ արդյունքների եւ գոհացնեն մարզվողներին, ինչի վառ ապացույցն էր նրանց այսօրվա մարզումը: Շատ պատրաստված էին երեւում: Մի քանի վարժություններ, որոնք իրականում դժվար էին, հեշտությամբ կատարեցին»:

NEWS.am.Sport-ի թղթակցի հարցին, թե որն է Յաշանկինի հաջողության գաղտնիքը եւ երբ է նա պատրաստվում թողնել սպորտը, մարզիկը պատասխանեց. «Հաջողությունների հասել եմ աշխատասիրությամբ եւ կնոջս աջակցությամբ` նա միշտ կողքիս է ու այսօր էլ ինձ հետ է: Ինչ վերաբերում է սպորտով զբաղվելուս՝ մի անգամ Առնոլդ Շվարցենեգերին  հարցրեցին, թե ինչ պետք է անի, երբ դադարի մարզվել, չէ որ նրա մարմինը այլեւս առաջվանը չի լինի: Նա էլ ասաց, որ երբեք չի դադարի մարզվել: Ես նույնպես մինչեւ կյանքիս վերջին ակնթարթը չեմ դադարի մարզվել»:

Դիանա Հովհաննիսյան


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: