09:08  ,  28 նոյեմբերի, 2014

Արաս Օզբիլիս. Դարձյալ կլինեմ մարզավիճակում՝ նոր կմտածենք ամուսնության մասին

Փառք Աստծո առողջությունս լավ է:  Այս շաբաթ առաջին անգամ մարզվեցի խաղադաշտում անհատական ծրագրով: Հիանալի էր կրկին լինել խաղադաշտում, շնչել խոտի բույրը եւ կրկին ֆուտբոլիստ զգալ ինձ:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ Մոսկվայում տեղի ունեցած զրույցի ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբլիսը, ով սեպտեմբերին երկրորդ անգամ վիրահատվեց եւ այժմ գտնվում է վերականգնողական փուլում:

Արաս, նախնական ասվում էր, որ ապրիլին կվերադառնաս խաղադաշտ: Ամեն բան իր հունո՞վ է ընթանում:

Եթե ամեն բան լավ ընթանա: Ես հավատում եմ, որ կկարողանամ հանդես գալ Ռուսաստանի առաջնության երկրորդ մրցաշրջանում:

Ի՞նչ կասես «Սպարտակի» նոր ստադիոնի մասին: Կհամեմատե՞ս այն Եվրոպայի եւ Ռուսաստանի այլ ստադիոնների հետ:

«Սպարտակի» ստադիոնը հրաշալի է: Այն համապատասխան է «Սպարտակի» նման թիմին: Դուք իսկապես կարող եք այն համեմատել եվրոպական ստադիոնների հետ: Ես դեռ խաղադաշտում չեմ եղել, բայց վստահ եմ, որ այն նույնպես հիանալի է: Չեմ կարողանում համբերել, թե երբ  կկարողանամ այնտեղ խաղալ:

Քանի որ տիրապետում ես թուրքերենին, «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ հաղորդակցվելն ավելի հեշտանո՞ւմ է:

Անկեղծ ասած, ես նրան այդքան էլ հաճախ չեմ հանդիպում, քանի որ աշխատում եմ միայնակ եւ մարզաբազայում: Բայց երբ պատահում է, որ հանդիպենք, նա միշտ հարցնում է, թե ինչպես եմ: Այո, ես կարողանում եմ նրա հետ խոսել թուրքերեն, բայց հազվադեպ ենք հանդիպում:

Ինչո՞վ ես զբաղվում Մոսկայում մարզումներից բացի:

Անկեղծ ասած, ոչնչով: Ես կենտրոնացած եմ միայն ապաքինման վրա: Ես տանից գնում եմ մարզաբազա, որպեսզի ավելի շատ կարողանամ կենտրոնանալ ապաքինմանս վրա եւ կարողանամ հանգստանալ: Այսպիսով, ես ամբողջ օրն անցկացնում եմ մարզաբազայում եւ միայն շաբաթ-կիրակի եմ գնում տուն:

Ի՞նչ կասես Պորտուգալիայի դեմ Հայաստանի ազգային հավաքականի ընտրական խաղի մասին:

Շատ ցավալի էր, թե ինչպես պորտուգալացիները կարողացան գոլ խփել, բայց ֆուտբոլում դա կարող է պատահել: Ամենակարեւորը դրանից դասեր քաղելն է եւ շարունակել աշխատել որպես թիմ: Հայաստանը կարող է հաղթել ցանկացած երկրի թիմի, բայց մենք պետք է շատ կենտրոնացած լինենք եւ այդ դեպքում կհասնենք մեծ արդյունքների:

Քո կարծիքով, Հայաստանի հավաքականի համար որակավորման այս փուլն էր ավելի դժվա՞ր, թե՞ նախորդը:

Որակավորման բոլոր փուլերը բարդ են: Դանիան առաջին տեղում է, բայց մենք նրանց հաղթեցինք նախորդ տարի: Մենք պարզապես պետք է հավատանք ինքներս մեզ եւ չվախենանք խաղալ այնպես, ինչպես կարող ենք:

Զրուցո՞ւմ ես Բեռնար Շալանդի հետ:

Այո, զրուցել ենք, եւ նա ինձ շուտափույթ ապաքինում է մաղթել:

Ի՞նչ ծրագրեր ունես Ամանորին:

Հատուկ ծրագրեր չունեմ: Ես պետք է աշխատեմ այդ ժամանակ:  Միայն մի քանի օրով կմիանամ ընտանիքիս եւ այնուհետեւ կգնամ Իսպանիա, որպեսզի արագացնեմ վերականգնողական աշխատանքներս:

Արաս, այս տարի տեղի ունեցավ քո նշանադրությունը: Ե՞րբ ես պատրաստվում ամուսնանալ:

Հուսամ՝ շուտով: Ամուսնության օրը դեռ նշանակված չէ: Սկզբում պետք է կրկին լինեմ մարզավիճակում, հետո  նոր կմտածենք:

Վերա Մարտիրոսյան՝ Մոսկվայից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով