09:08 28 նոյեմբերի, 2014Փառք Աստծո առողջությունս լավ է: Այս շաբաթ առաջին անգամ մարզվեցի խաղադաշտում անհատական ծրագրով: Հիանալի էր կրկին լինել խաղադաշտում, շնչել խոտի բույրը եւ կրկին ֆուտբոլիստ զգալ ինձ:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ Մոսկվայում տեղի ունեցած զրույցի ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբլիսը, ով սեպտեմբերին երկրորդ անգամ վիրահատվեց եւ այժմ գտնվում է վերականգնողական փուլում:
Արաս, նախնական ասվում էր, որ ապրիլին կվերադառնաս խաղադաշտ: Ամեն բան իր հունո՞վ է ընթանում:
Եթե ամեն բան լավ ընթանա: Ես հավատում եմ, որ կկարողանամ հանդես գալ Ռուսաստանի առաջնության երկրորդ մրցաշրջանում:
Ի՞նչ կասես «Սպարտակի» նոր ստադիոնի մասին: Կհամեմատե՞ս այն Եվրոպայի եւ Ռուսաստանի այլ ստադիոնների հետ:
«Սպարտակի» ստադիոնը հրաշալի է: Այն համապատասխան է «Սպարտակի» նման թիմին: Դուք իսկապես կարող եք այն համեմատել եվրոպական ստադիոնների հետ: Ես դեռ խաղադաշտում չեմ եղել, բայց վստահ եմ, որ այն նույնպես հիանալի է: Չեմ կարողանում համբերել, թե երբ կկարողանամ այնտեղ խաղալ:
Քանի որ տիրապետում ես թուրքերենին, «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ հաղորդակցվելն ավելի հեշտանո՞ւմ է:
Անկեղծ ասած, ես նրան այդքան էլ հաճախ չեմ հանդիպում, քանի որ աշխատում եմ միայնակ եւ մարզաբազայում: Բայց երբ պատահում է, որ հանդիպենք, նա միշտ հարցնում է, թե ինչպես եմ: Այո, ես կարողանում եմ նրա հետ խոսել թուրքերեն, բայց հազվադեպ ենք հանդիպում:
Ինչո՞վ ես զբաղվում Մոսկայում մարզումներից բացի:
Անկեղծ ասած, ոչնչով: Ես կենտրոնացած եմ միայն ապաքինման վրա: Ես տանից գնում եմ մարզաբազա, որպեսզի ավելի շատ կարողանամ կենտրոնանալ ապաքինմանս վրա եւ կարողանամ հանգստանալ: Այսպիսով, ես ամբողջ օրն անցկացնում եմ մարզաբազայում եւ միայն շաբաթ-կիրակի եմ գնում տուն:
Ի՞նչ կասես Պորտուգալիայի դեմ Հայաստանի ազգային հավաքականի ընտրական խաղի մասին:
Շատ ցավալի էր, թե ինչպես պորտուգալացիները կարողացան գոլ խփել, բայց ֆուտբոլում դա կարող է պատահել: Ամենակարեւորը դրանից դասեր քաղելն է եւ շարունակել աշխատել որպես թիմ: Հայաստանը կարող է հաղթել ցանկացած երկրի թիմի, բայց մենք պետք է շատ կենտրոնացած լինենք եւ այդ դեպքում կհասնենք մեծ արդյունքների:
Քո կարծիքով, Հայաստանի հավաքականի համար որակավորման այս փուլն էր ավելի դժվա՞ր, թե՞ նախորդը:
Որակավորման բոլոր փուլերը բարդ են: Դանիան առաջին տեղում է, բայց մենք նրանց հաղթեցինք նախորդ տարի: Մենք պարզապես պետք է հավատանք ինքներս մեզ եւ չվախենանք խաղալ այնպես, ինչպես կարող ենք:
Զրուցո՞ւմ ես Բեռնար Շալանդի հետ:
Այո, զրուցել ենք, եւ նա ինձ շուտափույթ ապաքինում է մաղթել:
Ի՞նչ ծրագրեր ունես Ամանորին:
Հատուկ ծրագրեր չունեմ: Ես պետք է աշխատեմ այդ ժամանակ: Միայն մի քանի օրով կմիանամ ընտանիքիս եւ այնուհետեւ կգնամ Իսպանիա, որպեսզի արագացնեմ վերականգնողական աշխատանքներս:
Արաս, այս տարի տեղի ունեցավ քո նշանադրությունը: Ե՞րբ ես պատրաստվում ամուսնանալ:
Հուսամ՝ շուտով: Ամուսնության օրը դեռ նշանակված չէ: Սկզբում պետք է կրկին լինեմ մարզավիճակում, հետո նոր կմտածենք:
Վերա Մարտիրոսյան՝ Մոսկվայից
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.