14:33  ,  3 նոյեմբերի, 2014

Portugoal.net-ի գլխավոր խմբագիրը՝ Պորտուգալիայի հավաքականի եւ Հայաստանի դեմ խաղի մասին

Հայաստանի հավաքականը լավ թիմ է եւ կարող է խնդիրներ առաջացնել Պորտուգալիայի համար: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պորտուգալական առաջատար մարզական կայքերից Portugoal.net-ի գլխավոր խմբագիր, «Ճանապարհորդություն պորտուգալական ֆուտբոլով» գրքի հեղինակ Թոմ Կունդերտը, ով պատմեց Պորտուգալիայի հավաքականի եւ Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղի սպասելիքների մասին:

Երկու խաղերից հետո Պորտուգալիայի հավաքականն ունի 3 միավոր: Դանիացիների դեմ նախորդ խաղում Պորտուգալիան հաղթական գոլ խփեց միայն վերջին րոպեներին: Այժմյան հավաքականի նկատմամբ ինչպիսի՞ վերաբերմունք է լրագրողների եւ երկրպագուների մոտ:

Չնայած աղքատիկ մեկնարկին՝ այստեղ լավատեսորեն են տրամադրված ազգային հավաքականի հանդեպ: Դա կախված է գլխավոր մարզիչի փոփոխության հետ: Հեղինակություն չվայելող Պաուլո Բենտոյին փոխարինեց Ֆերնանդո Սանտուշը, ով նոր սկզբի զգացողություն է բերել, հատկապես՝ թիմի կազմի ընտրության հարցում: Հանկարծակի պարզվեց, որ Պորտուգալիան ունի կազմ ընտրելու բավականաչափ տարբեակներ, իսկ Բենտոն խաղացնում էր նույն ֆուտբոլիստներին: Կոպենհագենում վերջին րոպեներին կարողացանք գոլ խփել, սակայն կարծում եմ, որ այդ խաղը խմբում ամենադժվարն էր: Այդ հաղթանակը մեծացրեց վստահությունը մեր տղաների նկատմամբ:

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Պորտուգալիան պարտվեց Ալբանիային:

Աշխարհի առաջնությունից հետո հավաքականը շատ վատ հոգեբանական վիճակում էր, իսկ մարզիչ Պաուլո Բենտոն կարծես անզոր էր մոտիվացնել թիմին: Բացի այդ, նա վատացնում էր իրավիճակը՝ խաղացնելով Բրազիլիայում ձախողված ֆուտբոլիստներին: Կարծում եմ՝ այդ պահին Ալբանիան ուներ ավելի լավ թիմ, հավանաբար՝ լավագույնը նրանց ֆուտբոլային պատմության ընթացքում:

Ո՞րն է Ֆերնանդո Սանտուշի եւ Պաուլո Բենտոյի տարբերությունը:

Սանտուշն ավելի շատ է ցանկանում փորձարկել տարբեր տակտիկական սխեմաներ, իսկ Բենտոն ավելի պահպանողական եւ խիստ էր իր մոտեցումներում: Սանտուշի գաղափարն է խաղացնել Ռոնալդու-Դանի-Նանի հարձակողական եռյակն՝ առանց բացահայտ համար 9-ի:

Սանտուշի փիլիսոփայությունը համապատասխանո՞ւմ է Պորտուգալիայի հավաքականին: Նրա ղեկավարած Հունաստանի հավաքականը խաղում էր շատ պրագմատիկ ֆուտբոլ:

Ես չեմ կարծում, որ նա նույն ոճը կկիրառի Պորտուգալիայում: Հավանաբար այդ խաղաոճը լավագույն տարբերակն էր Հունաստանի համար, իսկ Պորտուգալիան ավելի շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի: Ես սպասում եմ, որ Սանտուշը կկիրառի ավելի ամբիցիոզ ու հարձակողական ոճ:

Վերջին խաղերում Պորտուգալիայի հավաքականում ընդգրկվել էին Դինամո «Զագրեբի» հինգ ֆուտբոլիստներ: Ստացվում է, որ հավաքականում թոփային առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների թիվը գնալով նվազում է:

Ճիշտ է, որ հիմա Պորտուգալիայում խաղում են ավելի քիչ թվով ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս թոփային առաջնություններում: Բայց նույն Դանիայի հետ խաղին մեր թիմում կային Պորտուգալիայի առաջնությունում հանդես եկող 9 ֆուտբոլիստներ, Իսպանիայից՝ 7, Ֆրանսիայից ՝ 3, մեկական Անգլիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Թուրքիայից եւ Խորվաթիայից:

Ասում են՝ Ռոնալդուն թիմի կեսն է, գուցե՝ ավելին: Նրանից բացի, որո՞նք են Պորտուգալիայի ուժեղ կողմերը:

Նանին վերադարձել է իր լավ մարզավիճակին այն պահից, երբ կրկին հանդես է գալիս Պորտուգալիայում եւ մշտապես գոլի հեղինակ է դառնում: Վիլյամ Կարվալյոն հիանալի պաշտանողական ոճի կիսապաշտպան է: Հնարավոր է, որ մոտ ապագայում նա կտեղափոխվի Իսպանիա կամ Անգլիա: Նաեւ ունենք նոր տաղանդավոր ֆուտբոլիստ, ով շատ ստեղծագործ կիսապաշտպան է: Խոսքը Ժաո Մարիոյի մասին է:

Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի հավաքականի մասին:

Շատ բան չգիտեմ: Գիտեմ Հենրիխ Մխիթարյանին, ով հիանալի ֆուտբոլիստ է եւ վտանգ է ներկայացնելու Պորտուգալիայի համար: Եվրո-2016-ի խաղերի տեսագրություններից տեսա, որ Հայաստանը լավ թիմ է եւ կարող է խնդիրներ առաջացնել Պորտուգալիայի համար:

Ինչպե՞ս եք գնահատում I խմբի թիմերի հնարավորությունները:

Ես ակնկալում եմ, որ Պորտուգալիան եւ Դանիան դուրս կգան առաջին երկու տեղերով, իսկ երրորդ տեղի համար կպայքարեն Սերբիան, Հայաստանն ու Ալբանիան:

Ի՞նչ կասեք խաղի անցկացման վայր Ֆարու քաղաքի մասին: Ինչպիսին է այնտեղի ֆուտբոլային կյանքը:

Ֆարուն ունի «Ֆարենս» թիմը, որը խաղում է Պորտուգալիայի երկրորդ լիգայում եւ ունի լավ աջակցություն իր քաղաքում: Սակայն «Ֆարենսը» չի խաղում «Ալգարվե» ստադիոնում, որտեղ տեղի է ունենալու Պորտուգալիա – Հայաստան խաղը: Ստադիոնը Ֆարուից 15 կմ հեռու է: Ֆարուն շատ ակտիվ քաղաք է, քանի որ ամեն տարի հյուրընկալում է հազարավոր զբոսաշրջիկների: Քաղաքից դեպի հարավ կա հիանալի ծովափ, որը մշտապես մարդաշատ է ամռանը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով