12:41  ,  24 հոկտեմբերի, 2014

ՈւԵՖԱ. Սերբիային եւ Ալբանիային գրանցվեց պարտություն

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականներին պարտություն է գրանցել Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի անավարտ մնացած խաղում: Տեխնիկապես Սերբիային գրանցվել է 3:0 հաշվով հաղթանակ, սակայն հանվել է 3 միավոր, իսկ Ալբանիային գրանցվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն: Ստացվում է, որ երկու թիմերն էլ այդ խաղում միավոր չեն վաստակել:

ՈւԵՖԱ-ն նաեւ 100 հազարական եվրոյով տուգանել է Ալբանիայի ու Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին եւ տնային երկու  հանդիպումները Սերբիայի ազգային թիմը կանցկացնի առանց հանդիսականների, տեղեկացնում է Սերբիայի ֆեդերացիայի կայքը:

Սերբերը տնային երկրորդ հանդիպումը կանցկացնեն 2015-ի սեպտեմբերի 4-ին՝ մրցելով Հայաստանի հավաքականի հետ: 

Հոկտեմբերի 14-ին կայացած Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա - Ալբանիա հանդիպումը դադարեցվել էր 42-րդ րոպեին խաղադաշտի վրա թռչող սարքի միջոցով հայտնված Մեծ Ալբանիայի (ներառյալ Կոսովոն) դրոշի պատճառով: Երկու թիմերի միջեւ սկսվել էր ծեծկռտուք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով