21:52  ,  11 հոկտեմբերի, 2014

Եվրո-2016. Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը սերբերի դեմ խաղում (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջին միավորը վաստակեց Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում: Մեկնարկային խաղում դանիացիներին պարտվելուց հետո Բեռնար Շալանդի թիմն առանց Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի, Արաս Օզբիլիսի եւ Գեւորգ Ղազարյանի երկրորդ տուրում տանը ոչ ոքի խաղաց Սերբիայի հավաքականի հետ՝ 1:1: Մինչեւ 90-րդ րոպեն Հայաստանի թիմը ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանի գոլի շնորհիվ առջեւում էր հաշվի մեջ, սակայն բաց թողեց հաղթանակը:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Մեկնարկային 45 րոպեներին սերբերն ունեին տարածքային առավելություն եւ ստեղծեցին վտանգավոր պահեր, սակայն Ռոման Բերեզովսկին մի քանի անգամ փրկեց Հայաստանի թիմին: 5 պաշտպաններով հանդես եկող Հայաստանի հավաքականը խաղում էր երկրորդ համարով եւ անցկացնում էր հակագրոհներ, որոնք այնքան էլ վտանգավոր չէին ստացվում: Առաջին խաղակեսի ամենաիրական գոլային պահը կորցրեց Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը, ով անկյունային հարվածի խաղարկման ժամանակ վրիպեց հարմար դիրքից: Դաշտի տերերը մեկ վտանգավոր պահ ստեղծեցին սերբերի դարպասի մոտ, երբ Մարկոս Պիզելիի հարվածից հետո Վլադիմիր Ստոյկովիչը փրկեց հյուրերին:

Ընդմիջումից հետո սերբերն ավելի ստեղծագործ ու վտանգավոր էին առջեւի գծում, բայց երկրորդ խաղակեսի առաջին իրական գոլային պահը ստեղծեցին դաշտի տերերը: 53-րդ րոպեին Արթուր Սարկոսովը ստանդարտ դիրքի արդյունքում կարող էր բացել հաշիվը, սակայն «Վոլգայի» հարձակվողի հարվածը շեղ ստացվեց: Քիչ անց լավ պահ ունեցավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Զորան Տոշիչը, ով չօգտագործեց Ռոման Բերեզովսկու դարպասը գրավելու իրական հնարավորություն: Սերբերի տարածքային առավելությունն աստիճանաբար մեծանում էր, սակայն դա ոչինչ չէր տալիս Դիկ Ադվոկատի թիմին: Հայաստանի հավաքականը վստահ էր գործում պաշտպանությունում, իսկ 73-րդ րոպեին նաեւ կարողացավ բացել հաշիվը: Ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում գլխի հարվածով աչքի ընկավ Ռոբերտ Արզումանյանը: Մինչ սերբերն ուշքի էին գալիս բաց թողած գոլից, դաշտի տերերը կարող էին նաեւ կրկնապատկել առավելություն, բայց «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին վրիպեց 11 մետրանոցից, որը վաստակել էր Արթուր Սարկիսովը: 85-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ նաեւ Լյուքսեմբուրգի «Դուդելանժի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ում նորամուտն այնքան էլ հաջող չստացվեց Հայաստանի հավաքականում: 90-րդ րոպեին Զորան Տոշիչը խփեց սերբերի պատասխան գոլը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը:

Եվրո-2016-ի ընտրական փուլում Բեռնար Շալանդի թիմը հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 14-ին, երբ կհյուրընկալվի Պորտուգալիայի հավաքականին:

Եվրո-2016, երկրորդ տուր, I խումբ

ՀայաստանՍերբիա՝ 1:1

Ռոբերտ Արզումանյան, 73 – Զորան Տոշիչ, 90

Չիրացված 11 մետրանոց՝ Մարկոս Պիզելի, 84 (Հայաստան )

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան (Ռումյան Հովսեփյան, 53), Արթուր Եդիգարյան, Մարկոս Պիզելի (Ալեքսանդր Կարապետյան, 85), Էդգար Մանուչարյան (Արտակ Դաշյան, 66), Արթուր Սարկիսով:

Սերբիա. Վլադիմիր Ստոյկովիչ («Մաքաբի») Բրանսիլավ Իվանովիչ («Չելսի»), Ստեֆան Միտրովիչ («Ֆրայբուրգ»), Մատիյա Նաստասիչ («Մանչեսթեր Սիթի»), Ալեքսանդր Կոլարով («Մանչեսթեր Սիթի»), Նեմանյա Մատիչ («Չելսի»), Նեմանյա Գուդել («ԱԶ Ալկմար», Ալեքսանդր Միտրովիչ, 74), Դուշան Տադիչ («Սաութհեմփթոն»), Լազար Մարկովիչ («Լիվերպուլ», Զդրավկո Կուզմանովիչ, 25), Զորան Տոշիչ (ԲԿՄԱ), Ֆիլիպ Ջորջեւիչ («Լացիո», Դանկո Լազովիչ, 71):

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով