16:30  ,  25 մայիսի, 2012

Վարդան Մինասյան. Կենտրոնական պաշտպանների խնդիրն անհանգստացնում է

Մայիսի 25-ին Ֆուտբոլի ակադեմիայում կայացած մամուլի ասուլիսում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսեց Հունաստանի (մայիսի 31) եւ Ղազախստանի (հունիսի 5) հավաքականների հետ ընկերական խաղերում նոր մարտավարության փորձարկելու մասին: Ասուլիսիից հետո ազգային թիմի մարզիչը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ավելի մանրամասնեց նոր տակտիկական սխեման, ինչպես նաեւ խոսեց անհանգստացնող գործոնների մասին:

Պարոն Մինասյան, դուք նշեցիք, որ հավաքականի առաջիկա երկու խաղերից մեկում փորձարկվելու է 4-1-4-1 տակտիկական սխեման: Դա նշանակում է, որ հավաքականը փորձելու է նոր տակտիկական մոդել զարգացնել:

Նման մարտավարությամբ մեր թիմը արդեն մեկ հանդիպում անցկացրել է անցյալ տարի: Մարտավարության մեջ ընտրությունը կատարվում է տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների հնարավորություններից: Եթե մենք խաղում ենք 4-1-4-1 մարտավարությամբ եւ կիսապաշտպանության կենտրոնում հանդես են գալիս Արթուր Եդիգարյանն ու Կառլեն Մկրտչյանը, ապա դա նշանակում է, որ ավելի պաշտպանողական ոճ ենք նախընտրել: Եթե այս երկու խաղացողներից մեկի փոխարեն հանդես է գալիս Մարկոս Պիզելին, ուրեմն ավելի հարձակողական ֆուտբոլ ենք խաղալու: Կարեւոր է խաղացողների ընտրությունն ու նրանց տրված առաջադրանքը: Եթե մարզիչը եզրային պաշտպաններին թույլ չի տալիս մասնակցել հարձակողական գործողություններին, ապա դա նշանակում է, որ ավելի շատ մտածում է պաշտպանության մասին: Տակտիկական սխեմաները կարեւոր են, բայց միեւնույն է, ֆուտբոլիստն է խաղում, այլ ոչ թե սխեման:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպաններ Հրայր Մկոյանն ու Ռոբերտ Արզումանյանը խաղային պրակտիկա չունեն, կարծում եմ ձեզ անհանգստացնում է այդ հարցը, եւ ինչպես դուք նշեցիք, կարեւորն այն է, որ ֆուտբոլիստներն ունենան ֆունկցիոնալ լավ պատրաստվածություն եւ խուսափեն վնասվածքներից:

Իհարկե, անհանգստացնում է: Այս երկու ֆուտբոլիստները միանշանակ այն մարզավիճակում չեն լինի, ինչպես օրինակ իրենց ակումբներում հանդես գալու ժամանակ: Բնական է, որ չնայած ֆունկցիոնալ լավ պատրաստականությանը՝ տղաներն առանց խաղային պրակտիկայի պատրաստ կլինեն իրենց հնարավորությունների 70-80 տոկոսով: Բայց դե հիմա ունենք այն, ինչ ունենք: Եթե կա մի ֆուտբոլիստ, ով այս խաղացողների փոխարեն կարող է հանդես գալ հավաքականում, մենք կհրավիրենք նրան: Սակայն այս պահին ես չեմ տեսնում մի պաշտպանի, ոերը կարող է փոխարինել նշված խաղացողներին, նույնիսկ այս իրավիճակում:

 

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս