22:06  ,  17 սեպտեմբերի, 2014

Հայ հրաձիգները եւս 3 մեդալ նվաճեցին Իսպանիայում

Իսպանիայի Գրանադա քաղաքում շարունակվող հրաձգութան աշխարհի 51-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են եւս 3 մեդալ: Սեպտեմբերի 17-ին կայացել է 10մ, վազող թիրախ (30+30 կրակոց) մրցաձեւ մրցումը:  

12 երիտասարդ տղաների պայքարում կիսաեզրափակիչ են դուրս եկել ամենաբարձր արդյունքը ցույց տված 4 մարզիկները` ֆինն Յանի Սուորանտան (568 միավոր) եւ Միկա Կինիսիավին (562), Ռազմիկ Մինասյանը (555) եւ Շանթ Սարգսյանը (283):

Շանթ Սարգսյանն (5:7) ու Ռազմիկ Մինասյանը (0:6) պարտություններ են կրել ֆին մարզիկներից եւ շարունակել են պայքարն իրար դեմ: Երրորդ տեղի համար պայքարում Մինասյանը 6:1 հաշվով հաղթել է Սարգսյանին՝ արժանանալով բրոնզե մեդալի: Չեմպիոնի տիտղոսին է արժանացել Յանի Սուորանտան: Թիմային հաշվարկում երրորդ տեղը գրավել է Հայաստան, որի կազմում 512 միավորով վերջին արդյունք է գրանցել նաեւ Հովհաննես Խաչատրյանը:

Նույն վարժության աղջիկների (20+20 կրակոց) պայքարում Լիլիթ Մկրտչյանը հասել է մինչեւ եզրափակիչ, որտեղ 2:6 հաշվով պարտվել է հունգարացի Վերոնիկա Մաջորին՝ արժանանալով արծաթե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում