02:05  ,  7 սեպտեմբերի, 2014

Սենթ Լուիս. Լեւոն Արոնյանի ռեւանշը Կարուանայի նկատմամբ չկայացավ

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը եւ իտալացի Ֆաբիանո Կարուանան ոչ ոքիով բաժանվեցին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup շախմատային մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրում: Պարտիան ավարտվեց 30-րդ քայլում: Հայաստանի հավաքականի առաջատարը խաղում էր սպիտակներով, բայց չկարողացավ ռեւանշի հասնել առաջին շրջանում կրած պարտության համար:

Կարուանան 10 հնարավորից վաստակեց 8.5 միավոր՝ վստահորեն գրավելով առաջին տեղը: Աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենը 5.5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց բուլղարացի Վեսելին Տոպալովը՝ 5 միավոր:

Լեւոն Արոնյանը մրցաշարն ավարտեց 4 միավորով՝ 1 հաղթանակ, 3 պարտություն եւ 6 ոչ ոքի: Հայ գրոսմայստերը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ բաժանեց 4-5-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ Սենթ Լուիսում Կարուանան գերազանցել էր Լեւոն Արոնյանի վարկանիշային լավագույն ցուցանիշը, որը 2014-ին կազմում էր 2835.5 միավոր: Իտալացի գրոսմայստերի գործակիցը հասել է 2836.1-ի:

Sinquefield Cup, 10-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 0.5:0.5

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Մրցաշարային աղյուսակ 

1. Ֆաբիանո Կարուանա՝ 8.5

2. Մագնուս Կարլսեն՝ 5.5

3. Վեսելին Տոպալով՝ 5

4. Լեւոն Արոնյան՝ 4

5. Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 4

6. Հիկարու Նակամուրա՝ 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում