Հայաստանի ազգային հավաքականը ֆինանսական ոչ մի խնդիր չունի, մեր միակ խնդիրը ուժեղ չխաղալն է, իսկ աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին խոսելը դեռ ավելորդ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Պարոն Հայրապետյան, ի՞նչն է պակասում մեր հավաքականին, որ չի մասնակցում աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերին:
Ուժեղ խաղալը, շատ ուժեղ խաղալը:
Մարզիչ, ֆինանսական միջոցներ՝ կապ չունե՞ն:
Հայաստանի ազգային հավաքականը ֆինանսի որեւէ պրոբլեմ չունի: Եթե մեր ակումբներն ունեն բյուջետային խնդիրներ, ապա հավաքականը ֆինանսապես լիարժեք ապահովված է՝ եւ իր հնարավորություններով, եւ ֆուտբոլային ատրիբուտներով, եւ գույքով, եւ ֆինանսներով: Եվրոպայի շատ երկրներ կերազեն ունենալ մեր հավաքականի պես պայմաններ: Եթե գլուխ չգովանք, մեր հավաքականն այդ պայմաններով աշխարհի լավագույն տասնյակի մեջ է մտնում:
Այդ դեպքում, ի՞նչ առումով ենք մենք կաղում:
Ի՞նչ է նշանակում՝ մենք կաղում ենք, դուք ֆուտբոլը մի քիչ լավ չեք հասկանում: Դուք ուզո՞ւմ եք, որ մեր հավաքականը չեմպիոն դառնա: Իհարկե, կգա մի ժամանակ, որ այդպես կլինի, բայց մոտ ապագայում նման բան հնարավոր չէ: Պետք է ազնիվ լինել: Երբ ես դառնում էի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, մենք այդ ժամանակ 112-րդն էինք աշխարհի դասակարգման մեջ, իսկ հիմա 30-ի մեջ ենք: Այսինքն, մենք ունենք ֆուտբոլային հաջողությունների մեծ թռիչք: Հիմա եթե մենք ուզում ենք ունենալ ազգային հավաքական, որը պայքարելու է չեմպիոնության համար, նման բան սպասել պետք չէ: Մենք ունենք հավաքական, որը բաց տեղեր ունի, ասում եմ՝ բաց՝ նկատի ունենալով ֆուտբոլիստներ, որոնք չեն համապատասխանում եվրապական բարձր տեմպերին, խաղերին: Հիմա պետք է մտածենք այդ բացերը փակելու եւ մտնենք Եվրոպայի, աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու մասին: Եկեք այս քայլը մի կերպ հաղթահարենք, նոր մտածենք մյուս բաների մասին: Ամեն դեպքում, մենք ունենք լավ հավաքական: Մնում է՝ բաց տեղերը փակենք:
Աիդա Հովհաննիսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում