17:07 11 հուլիսի, 2014Հայաստանի ազգային հավաքականը ֆինանսական ոչ մի խնդիր չունի, մեր միակ խնդիրը ուժեղ չխաղալն է, իսկ աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին խոսելը դեռ ավելորդ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Պարոն Հայրապետյան, ի՞նչն է պակասում մեր հավաքականին, որ չի մասնակցում աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերին:
Ուժեղ խաղալը, շատ ուժեղ խաղալը:
Մարզիչ, ֆինանսական միջոցներ՝ կապ չունե՞ն:
Հայաստանի ազգային հավաքականը ֆինանսի որեւէ պրոբլեմ չունի: Եթե մեր ակումբներն ունեն բյուջետային խնդիրներ, ապա հավաքականը ֆինանսապես լիարժեք ապահովված է՝ եւ իր հնարավորություններով, եւ ֆուտբոլային ատրիբուտներով, եւ գույքով, եւ ֆինանսներով: Եվրոպայի շատ երկրներ կերազեն ունենալ մեր հավաքականի պես պայմաններ: Եթե գլուխ չգովանք, մեր հավաքականն այդ պայմաններով աշխարհի լավագույն տասնյակի մեջ է մտնում:
Այդ դեպքում, ի՞նչ առումով ենք մենք կաղում:
Ի՞նչ է նշանակում՝ մենք կաղում ենք, դուք ֆուտբոլը մի քիչ լավ չեք հասկանում: Դուք ուզո՞ւմ եք, որ մեր հավաքականը չեմպիոն դառնա: Իհարկե, կգա մի ժամանակ, որ այդպես կլինի, բայց մոտ ապագայում նման բան հնարավոր չէ: Պետք է ազնիվ լինել: Երբ ես դառնում էի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, մենք այդ ժամանակ 112-րդն էինք աշխարհի դասակարգման մեջ, իսկ հիմա 30-ի մեջ ենք: Այսինքն, մենք ունենք ֆուտբոլային հաջողությունների մեծ թռիչք: Հիմա եթե մենք ուզում ենք ունենալ ազգային հավաքական, որը պայքարելու է չեմպիոնության համար, նման բան սպասել պետք չէ: Մենք ունենք հավաքական, որը բաց տեղեր ունի, ասում եմ՝ բաց՝ նկատի ունենալով ֆուտբոլիստներ, որոնք չեն համապատասխանում եվրապական բարձր տեմպերին, խաղերին: Հիմա պետք է մտածենք այդ բացերը փակելու եւ մտնենք Եվրոպայի, աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու մասին: Եկեք այս քայլը մի կերպ հաղթահարենք, նոր մտածենք մյուս բաների մասին: Ամեն դեպքում, մենք ունենք լավ հավաքական: Մնում է՝ բաց տեղերը փակենք:
Աիդա Հովհաննիսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.