ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար, շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ աշխարհի գավաթակիր, շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Լեւոն Արոնյանը հունիսի 23-ին Երեւանի Գաֆեսճյան կենտրոնի Խանջյան սրահում հանդիպեցին լրագրողների հետ: Առավոտյան շախմատիստները ուղղաթիռով մեկնել էին Տաթեւի վանք:
«Տաթեւը շատ գեղեցիկ վայր էր: Այն ինձ հիշեցրեց իմ հայրենիքը: Ես շատ բան չեմ տեսել Հայաստանում, որպեսզի կարծիքս հայտնեմ Հայաստանի մասին: Ես շատ տպավորված եմ շախմատի հանդեպ վերաբերմունքից այս երկրում: Դա, իսկապես լավ օրինակ է ամբողջ ախարհի համար:
Օգոստոսին Նորվեգիայում կայանալիք Օլիմպիադայում Հայաստանը լավագույն երկներից է: Ես հույս ունեմ, որ այս տարի Նորվեգիայի համար նույնպես հաջող կլինի այդ մրցաշարը: Վերջին անգամ հայերի հետ երբ խաղացել ենք, պարտվել ենք:
Ես ինքս ինձ չեմ համարում այս դարաշրջանի ծնունդ: Իմ բախտը բերել է: Իմ հայրը լավ էր խաղում շախմատ: Նա ինձ սովորեցրել է առաջին քայլերը: Մնացած ամենը ես սովորեցի մրցումների փորձից, հետո էլ համակարգչից: Ալյոխինի եւ Կապաբլանկայի ժամանակ էլ էին ասում, որ շախմատի վերջը եկել է: Կոմպյուտերացման այս դարում չեմ կարծում, որ շախմատը սպառվել է: Մեծամտություն կլինի Անանդին չհամարել արժանի մրցակից:
Առաջին անգամ Լեւոն Արոնյանին հանդիպել եմ 2004-ի մրցաշարում: Նա այն ժամանակ այդքան լավ չէր խաղում, որքան հիմա, բայց ես էլ 13 տարեկան էի: Առաջին խաղում նա ինձ հաղթեց: Իմ սիրտը կոտրվեց այդ ժամանակ: Հետո 2007-ի մրցաշարին նա ինձ դուրս թողեց պայքարից: Հետո շատ հետաքրքիր մրցաշարեր ունեցանք»,- նշեց Մագնուս Կարլսենը:
Մագնուս Կարլսենը հունիսի 22-ին գործարար Ռուբեն Վարդանյանի, Acronis ընկերության եւ IdeA հիմնադրամի հրավերով ժամանել է Հայաստան: Շախմատի աշխարհի չեմպիոնին Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում