Մագնուս Կարլսեն. Տաթեւում շատ գեղեցիկ էր եւ հիշեցրեց հայրենիքս

19:11   23 հունիսի, 2014

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար, շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ աշխարհի գավաթակիր, շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Լեւոն Արոնյանը հունիսի 23-ին Երեւանի Գաֆեսճյան կենտրոնի Խանջյան սրահում հանդիպեցին լրագրողների հետ: Առավոտյան շախմատիստները ուղղաթիռով մեկնել էին Տաթեւի վանք:

«Տաթեւը շատ գեղեցիկ վայր էր: Այն ինձ հիշեցրեց իմ հայրենիքը: Ես շատ բան չեմ տեսել Հայաստանում, որպեսզի կարծիքս հայտնեմ Հայաստանի մասին: Ես շատ տպավորված եմ շախմատի հանդեպ վերաբերմունքից այս երկրում: Դա, իսկապես լավ օրինակ է ամբողջ ախարհի համար:

Օգոստոսին Նորվեգիայում կայանալիք Օլիմպիադայում Հայաստանը լավագույն երկներից է: Ես հույս ունեմ, որ այս տարի Նորվեգիայի համար նույնպես հաջող կլինի այդ մրցաշարը: Վերջին անգամ հայերի հետ երբ խաղացել ենք, պարտվել ենք:

Ես ինքս ինձ չեմ համարում այս դարաշրջանի ծնունդ: Իմ բախտը բերել է: Իմ հայրը լավ էր խաղում շախմատ: Նա ինձ սովորեցրել է առաջին քայլերը: Մնացած ամենը ես սովորեցի մրցումների փորձից, հետո էլ համակարգչից: Ալյոխինի եւ Կապաբլանկայի ժամանակ էլ էին ասում, որ շախմատի վերջը եկել է: Կոմպյուտերացման այս դարում չեմ կարծում, որ շախմատը սպառվել է: Մեծամտություն կլինի Անանդին չհամարել արժանի մրցակից:

Առաջին անգամ Լեւոն Արոնյանին հանդիպել եմ 2004-ի մրցաշարում: Նա այն ժամանակ այդքան լավ չէր խաղում, որքան հիմա, բայց ես էլ 13 տարեկան էի: Առաջին խաղում նա ինձ հաղթեց: Իմ սիրտը կոտրվեց այդ ժամանակ: Հետո 2007-ի մրցաշարին նա ինձ դուրս թողեց պայքարից: Հետո շատ հետաքրքիր մրցաշարեր ունեցանք»,- նշեց Մագնուս Կարլսենը:

Մագնուս Կարլսենը հունիսի 22-ին գործարար Ռուբեն Վարդանյանի, Acronis ընկերության եւ IdeA հիմնադրամի հրավերով ժամանել է Հայաստան: Շախմատի աշխարհի չեմպիոնին Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:

Վերա Մարտիրոսյան




© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.