19:07  ,  3 հունիսի, 2014

Հարություն Գարինյան. Միշտ պատրաստ եմ օգտակար լինել Հայաստանի հավաքականին

2013 թվականին հրավեր եմ ստացել Հայաստանի պատանեկան հավաքականից, որին միացել եմ եւ անցկացրել եմ ուսումնամարզական հավաք: Սակայն ինձ հաջողվեց մարզվել միայն հինգ օր, քանի որ առողջական խնդիրներ ունեի, բժիշկներն ինձ արգելեցին մարզվել:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գերմանիայի  «Վիկտորիա  Քյոլնի» պատանեկան թիմի պաշտպան Հարություն Գարինյանը, ով ծնվել եւ մեծացել  է Գերմանիայում:

Հարություն, պատմիր քո մասին.   որտեղի՞ց է ընտանիքդ, ինչպե՞ս եք հայտնվել Գերմանիայում:

Ծնողներս արմատներով Արեւմտյան Հայաստանից են:  1980-ին Ստամբուլից տեղափոխվել են Գերմանիա:  Ես ծնվել եւ մեծացել  եմ Գերմանիայի Քյոլն քաղաքում:

Եղե՞լ ես Հայաստանում:

Այո, արդեն հինգ անգամ ծնողներիս հետ եղել եմ եմ Հայաստանում:

Չնայած, որ հինգ անգամ եղել ես հայրենիքումդ, այնուամենայնիվ, հայերեն չես խոսում: Ե՞րբ ես պատրաստվում սովորել մայրենին:

Ցանկությունս շատ մեծ է, սակայն Քյոլնում հայկական դպրոց չկա: Հայերեն մի փոքր շփվում եմ հայրիկիս հետ: Հույս ունեմ՝ մոտ ապագայում լիարժեք կտիրապետեմ մայրենի լեզվիս:

Ե՞րբ եւ ինչո՞ւ սկսեցիր ֆուտբոլով զբաղվել:

Ֆուտբոլի հանդեպ սերը ինձ փոխանցվել է հորիցս. նա նույնպես ֆուտբոլիստ է եղել: Մարզվել սկսել եմ վեց տարեկանից:

Քեզ համար ավելի հարմար է խաղալ  կիսապշտպանությա՞ն, թե՞ պաշտպանության գծում:

Ինձ ավելի շատ հարմար է խաղալ աջ պաշտպանի դիրքում, սակայն կարող եմ խաղալ նաեւ կիսապաշտպանության գծում:

«Վիկտորիա  Քյոլնի»  հետ  քանի՞ տարվա պայմանագիր ես կնքել:

Առայժմ՝ երեք:

Գերմանիայի կամ Հայաստանի պատանեկան հավաքականում խաղալու հրավեր երբեւէ   ստացե՞լ ես :

2013 թվականին հրավեր եմ ստացել Հայաստանի պատանեկան թիմում հանդես գալու համար: Հավաքականին միացել եմ եւ անցկացրել եմ ուսումնամարզական հավաք: Սակայն ինձ հաջողվեց մարզվել միայն հինգ օր, քանի որ առողջական խնդիրներ ունեի, բժիշկներն ինձ արգելեցին մարզվել:

Ե՞րբ քեզ կրկին սպասենք Հայաստանում

Ես միշտ պատրաստ եմ իմ ազգային  հավաքականին օգտակար լինել, երբ հրավեր ստանամ, անպայման կգամ Հայաստան:

Հետեւո՞ւմ ես Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթներին:

Այո, անպայման:

Հայ ֆուտբոլիստներից ու՞մ ես ճանաչում:

Գրեթե բոլորին:

Հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ազգային ընտրանու հետ: Ներկա կլինե՞ս խաղին:

Բնականաբար:

Ո՞րն է քո երազանքը:

Երազանքս է խաղալ եվրոպական ուժեղագույն ակումբներից մեկում, ինչպես նաեւ՝ Հայաստանի ազգային հավաքականում:

Ո՞ր ակումբին ես երկրպագում:

Մադրիդի «Ռեալին»:

Սիրածդ ֆուտբոլի՞ստը:

 Չէի ցանկանա որեւէ մեկին առանձնացնել: Ինձ ավելի շատ դուր են գալիս Հայաստանի ազգային հավաքականի առաջատարները:

Կա՞ այնպիսի ֆուտբոլիստ, ում կցանկանայիր նմանվել:

Ես ավելի շատ կուզենայի իմ ուրույն խոսքը ասել ֆուտբոլում՝ դառնալ այնպիսի խաղացող, որ ուրիշները ցանկանան նմանվել ինձ: Խնդրում եմ ասածս մեծամտություն չհամարել (ժպտում է):

Մի քանի օրից մեկնարկում է աշխարհի առաջնությունը: Ըստ քեզ, ո՞ր երկրի հավաքականը կդառնա աշխարհի չեմպիոն:

Կարծում եմ՝ Բրազիլիան:

Շուշանիկ Հակոբյան (Մոսկվա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով