08:48  ,  12 մայիսի, 2012

Յուրա Մովսիսյան. Ինձ համար շատ լավ կլիներ խաղալ Անգլիայում կամ Գերմանիայում

Ազգային առաջնություններն ավարտվում են: Շուտով կբացվի ամառային տրանսֆերային պատուհանը: Հայ ֆուտբոլասերների համար առավել հրատապը Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» ռմբարկու Յուրա Մովսիսյանի տեղափոխության հարցն է: Երկրպագուների մեծամասնության կարծիքով, նա պետք է խաղա ավելի բարձակարգ թիմում:  

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Յուրա Մովսիսյանի հետ:

Յուրա, Ռուսաստանի առաջնությունը մայիսի 13-ին ավարտվում է: Որո՞նք են քո առաջիկա անելիքները:

Մայիսի 13-ին առաջնությունը կավարտվի եւ հաջորդ օրը ես ընտանիքիս հետ կմեկնեմ ԱՄՆ: Մայիսի 25-ին կգամ Հայաստան, որպեսզի հավաքականի հետ պատրաստվեմ առաջիկա երկու ընկերական հանդիպումներին:

Վերջին  ամիսներին շատ է խոսվում մեկ այլ թիմ քո տեղափոխվելու մասին: Կա՞  նորություն:

Ինտերնետում շրջանառվող բոլոր լուրերն անհիմն են: Ես մնալու եմ «Կրասնոդարում». դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ:

Այսինքն, դու վստահ ես, որ ամռանը ուրիշ ոչ մի թիմ չես տեղափոխվի:

Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի:

Իսկ եթե լինի տարբերակ` ո՞ր առաջնությունը կնախընտրես:

Ինձ համար շատ լավ կլիներ խաղալ Անգլիայում կամ Գերմանիայում, կամ էլ մեկ այլ ուժեղ առաջնությունում:

Ռուսաստանի առաջնությունում վերջին տարիներին մեծ գումարներ են ծախսում: Այն մոտեցե՞լ է եվրոպական առաջնություններին:

Այո, սա ուժեղ առաջնություն է: Մեծ գումարներ են ներդրվում: Ուժեղ ֆուտբոլիստներ են այստեղ խաղում: Կարծում եմ` Ռուսաստանի առաջնությունը լավագյուն 5-6 առաջնությունների մեջ է:

Գո՞հ ես Կրասնոդարում  անցկացրած այս մրցաշրջանից:

Այս մրցաշրջանն ինձ համար առաջինն էր նոր թիմի կազմում: Պետք էր հարմարվել: Չեմ կարող ասել, որ գոհ եմ, բայց վատ չէր:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով