19:48  ,  11 մայիսի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Հունաստանի ու Ղազախստանի հավաքականների հետ մենք մարտական ենք տրամադրվելու

Մայիսի 10-ին ավարտվեց ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունը: Վերջին խաղում  3:0 հաշվով առավելության հասնելով «Ալեքսանդրիայի» նկատմամբ` չեմպիոնի կոչումը 7-րդ անգամ նվաճեց Դոնեցկի «Շախտյորը»: Հանդիպման հերոսը դարձավ  Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց բոլոր արդյունավետ գրոհներին: Այս հանդիպման ավարտից հետո Մխիթարյանը կժամանի Հայաստան՝ ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին նախապատրաստվելու համար: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հենրիխի հետ, ով օդանավակայանում էր:

Հենրիխ, շնորհավորում եմ չեմպիոնական տիտղոսը նվաճելու առթիվ: Հերթական անգամ դու աչքի ընկար քո վարպետությամբ ու ճանաչվեցիր լավագույնը:

Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Անկասկած դժվարին մրցաշրջան էր «Շախտյորի» համար: Գաղտնիք չէ, որ չեմպիոնական տիտղոսը նվաճելն ավելի հեշտ է, քան պահպանելը: Ես, իհարկե, ուրախ եմ, որ հաղթեցինք, բայց դա անելը հեշտ գործ չէր: Կիեւի դինամոյականների հետ պայքարը ընթացավ մինչեւ վերջին տուրը: Ինչ վերաբերում է իմ խաղին, ապա ես, իհարկե, մտածում եմ իմ խաղը մշտապես բարելավելու մասին, բայց երբեք չեմ մոռանում թիմային խաղի մասին: Կարեւորը թիմային արդյունքն է, ընդ որում` առաջնային կարեւորը:

Ո՞ր խաղը քո կարծիքով վճռորոշ եղավ առաջնությունում:

Ես կառանձնացնեի երկու խաղ: Նախ՝ «Դոնբաս Արենայում» «Դինամոյի» հետ խաղը, որում մենք հաղթեցինք, այդ խաղից հետո ինտրիգն առաջնությունում պահպանվեց մինչեւ վերջ,  եւ  «Մետալիստի» հետ արտագնա հանդիպումն էր շատ կարեւոր, երբ խաղի ընթացքում պարտվելով` կարողացանք հաղթել 2:1 հաշվով: Մյուս կողմից էլ բոլոր հանդիպումներն էլ կարեւոր էին, քանի որ յուրաքանչյուր սայթաքում կարող էր ձախողել առաջնության ընդհանուր ու վերջնական արդյունքը:

Հիմա արդեն դու մտածում ես մեր հավաքականի մասին:

Իհարկե, այժմ արդեն Հայաստանի հավաքականի ընկերական խաղերին պետք է տրամադրվեմ խաղընկերներիս հետ: Չնայած հանդիպումները ընկերական են, բայց Հունաստանի ու Ղազախստանի հավաքականների հետ մենք մարտական ենք տրամադրվելու՝ միայն հաղթանակի հասնելու ձգտումով:

Հենրիխ, Եվրո 2012-ում քո կարծիքով ո՞ր հավաքականն է ֆավորիտ:

Ես կարծում եմ, որ մրցաշարում բոլորն էլ ուժեղ հավաքականներ են։ Ի վերջո, հաջողության կհասնի այն թիմը, որը յուրաքանչյուր խաղին կտրամադրվի ու կհաղթի: Մեծ հաջողությունները կերտվում են առանձին հաղթանակներից:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս