19:48 11 մայիսի, 2012Մայիսի 10-ին ավարտվեց ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունը: Վերջին խաղում 3:0 հաշվով առավելության հասնելով «Ալեքսանդրիայի» նկատմամբ` չեմպիոնի կոչումը 7-րդ անգամ նվաճեց Դոնեցկի «Շախտյորը»: Հանդիպման հերոսը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց բոլոր արդյունավետ գրոհներին: Այս հանդիպման ավարտից հետո Մխիթարյանը կժամանի Հայաստան՝ ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին նախապատրաստվելու համար: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հենրիխի հետ, ով օդանավակայանում էր:
Հենրիխ, շնորհավորում եմ չեմպիոնական տիտղոսը նվաճելու առթիվ: Հերթական անգամ դու աչքի ընկար քո վարպետությամբ ու ճանաչվեցիր լավագույնը:
Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Անկասկած դժվարին մրցաշրջան էր «Շախտյորի» համար: Գաղտնիք չէ, որ չեմպիոնական տիտղոսը նվաճելն ավելի հեշտ է, քան պահպանելը: Ես, իհարկե, ուրախ եմ, որ հաղթեցինք, բայց դա անելը հեշտ գործ չէր: Կիեւի դինամոյականների հետ պայքարը ընթացավ մինչեւ վերջին տուրը: Ինչ վերաբերում է իմ խաղին, ապա ես, իհարկե, մտածում եմ իմ խաղը մշտապես բարելավելու մասին, բայց երբեք չեմ մոռանում թիմային խաղի մասին: Կարեւորը թիմային արդյունքն է, ընդ որում` առաջնային կարեւորը:
Ո՞ր խաղը քո կարծիքով վճռորոշ եղավ առաջնությունում:
Ես կառանձնացնեի երկու խաղ: Նախ՝ «Դոնբաս Արենայում» «Դինամոյի» հետ խաղը, որում մենք հաղթեցինք, այդ խաղից հետո ինտրիգն առաջնությունում պահպանվեց մինչեւ վերջ, եւ «Մետալիստի» հետ արտագնա հանդիպումն էր շատ կարեւոր, երբ խաղի ընթացքում պարտվելով` կարողացանք հաղթել 2:1 հաշվով: Մյուս կողմից էլ բոլոր հանդիպումներն էլ կարեւոր էին, քանի որ յուրաքանչյուր սայթաքում կարող էր ձախողել առաջնության ընդհանուր ու վերջնական արդյունքը:
Հիմա արդեն դու մտածում ես մեր հավաքականի մասին:
Իհարկե, այժմ արդեն Հայաստանի հավաքականի ընկերական խաղերին պետք է տրամադրվեմ խաղընկերներիս հետ: Չնայած հանդիպումները ընկերական են, բայց Հունաստանի ու Ղազախստանի հավաքականների հետ մենք մարտական ենք տրամադրվելու՝ միայն հաղթանակի հասնելու ձգտումով:
Հենրիխ, Եվրո 2012-ում քո կարծիքով ո՞ր հավաքականն է ֆավորիտ:
Ես կարծում եմ, որ մրցաշարում բոլորն էլ ուժեղ հավաքականներ են։ Ի վերջո, հաջողության կհասնի այն թիմը, որը յուրաքանչյուր խաղին կտրամադրվի ու կհաղթի: Մեծ հաջողությունները կերտվում են առանձին հաղթանակներից:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.