02:24  ,  4 մայիսի, 2014

Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պաշտպանեց տիտղոսը:

Մայիսի 3-ին Բեռլինում կայացած մենամարտում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցային՝ 116:113, 116:112, 119:110:

Առաջին ռաունդում բռնցքամարտիկներն ուսումնասիրում էին միմյանց, իսկ երկրորդում ավելի ակտիվ էր Սյեկլոցան: Երրորդ եւ չորրորդ ռաունդներում ռինգում հավասար պայքար էր: Երեւում էր, որ Սյեկլոցան հիանալի է ուսումնասիրել Աբրահամի մարտավարությունը: Ռաունդներն անցնում էինք, իսկ աշխարհի չեմպիոնը չէր կարողանում նկատելի առավելություն ստանալ WBO-ի վարկանիշային աղյուսակում 13-րդ տեղը զբաղեցնող բռնցքամարտիկի նկատմամբ: Սյեկլոցան բավական հաջող էր գործում տարածության վրա, սակայն Աբրահամն էլ անթերի էր պաշտպանվում՝ պատասխանելով հարվածներիի շարքով: Վերջին ռաունդներում վճռորոշ եղավ Աբրահամի ֆիզիկական պատրաստվածությունը: 9-րդ ռաունդում նրա հարվածների պատճառով չեռնոգորիացին դեմքի պատռվածք ստացավ: Սյեկլոցան չէր ցանկանում անցնել պաշտպանության, բայց արդեն բաց էր թողնում հարվածներ: Վերջնամասում Չեռնոգորիայի ներկայացուցիչը փորձում էր հետ բերել կորցրածը, սակայն Արթուրը վստահ պահպանեց առավելությունը՝ տանելով սպասվածից դժվար հաղթանակ:

Արթուր Աբրահամն առաջին անգամ պաշտպանեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից խլած տիտղոսը: Սա նրա 40-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:

 

 

 

 ծ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում