18:29  ,  16 ապրիլի, 2014

Օգսեն Միրզոյան. Առաքել Միրզոյանը երբեք չի մարզվի հավաքականի հետ

Առաքել Միրզոյանը հավաքականի հետ երբեք չի մարզվի: Երբ Առաքելը Եվրոպայի չեմպիոն դարձավ, այն ժամանակ ոչ ոք չէր ասում, թե Առաքելն իր տանն է մարզվում, հավաքականի հետ չի մարզվում: Այսօր դեռեւս բավարարվում ենք համեստ արդյունքով, ու բոլորը քննարկում են այդ հարցը: Ես եմ այդպես որոշել, եւ ես չեմ ցանկանում, որ նա հավաքականի հետ մարզվի: Իսկ նրա ցույց տված արդյունքից այս Եվրոպայի առաջնությունում գոհ եմ, բավարար է դադարից հետո: Առայժմ այս համեստ արդյունքով կբավարարվենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը` մեկնաբանելով Եվրոպայի նախկին չեմպիոն Առաքել Միրզոյանի մրցելույթը Իսրայելում ավարտված 2014թ. Եվրոպայի առաջնությունում: Նա երկամարտում գրավեց 10-րդ տեղը:

NEWS.am Sport-ի «Պողոս Պողոսյան. Ճիշտ կլինի, որ Առաքել Միրզոյանի 10-րդ տեղի գնահատականը տա Օգսեն Միրզոյանը» հրապարակումում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կարծիք էր հայտնել, որ հավաքականի բոլոր մարզիկները, այդ թվում եւ Առաքել Միրզոյանը պետք է հավաքականի հետ մարզվեն, եւ միայն այդ դեպքում կարելի է ակնկալել բարձր արդյունք:

Պարոն Միրզոյան, ինչպե՞ս կգնահատեք ձեր որդու եւ աշակերտի մրցելույթը Եվրոպայի առաջնությունում: Գո՞հ եք նրա արդյունքից:

Առաքելը 2012 թվականի Օլիմպիական խաղերում 0 արդյունքից հետո 2 տարի մրցման դուրս չէր եկել: Պատճառը հոգեկան եւ ֆիզիկական ընկճված վիճակն էր. Առաքելը չկարողացավ Օլիմպիական խաղերում լավ ելույթ ունենալ ու դրանից հետո շարունակել իր մրցելույթները Եվրոպայի, աշխարհի առաջնություններում: Սա տեւական դադար էր, որն Առաքելին անհրաժեշտ էր, բայց նա այդ ամբողջ ընթացքում չդադարեցրեց մարզումները: Որոշեցինք մեկնարկը տալ Եվրոպայի առաջնությունով եւ այս անգամ բավարարվել համեստ արդյունքով: Այս պահին մեզ համար կարեւորը Եվրոպայի առաջնությանը մասնակցելն էր: Մեզ Եվրոպայի մեդալն այդքան էլ չի հետաքրքրում, որովհետեւ մենք դրանից լավն ունենք` ոսկին: Եվ մտածում ենք մեր իրական նպատակն ու խնդիրը դնենք աշխարհի առաջնության եւ Օլիմպիական խաղերի վրա: Օլիմպիական չեմպիոնը կամ աշխարհի երկրորդ կամ երրորդ տեղը համարում եմ ավելի դժվար ու մեծ ձեռքբերում, քան Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Կարեւորն այն է, որ Առաքելը դուրս եկավ մրցահարթակ, 5 մոտեցումը հստակ կատարեց եւ իր մարզումների ցույց տված արդյունքներից 17 կգ ավելի բարձրացրեց: Ես շատ գոհ եմ նրա ելույթից եւ ուրախ եմ: Մտածում եմ, որ ճիշտ արեցինք` մասնակցելով Եվրոպայի առաջնությանը: Այժմ ես ամեն ինչ թողել եմ մի կողմ` աշխատանք, այլ գործեր եւ առաջնային զբաղվում եմ Առաքելի մարզումներով: Նա պետք է չեմպիոն լինի` աշխարհի, Օլիմպիական խաղերի: Մեր նպատակը դա է: Համարում եմ` կամ պետք է չեմպիոն դառնաս, կամ պետք է չմարզվես:

Ո՞րն է հավաքականից առանձին մարզվելու նպատակը:

Առաքել Միրզոյանը չի մարզվելու հավաքականի հետ: Առաքելն ունի խնդիր, ունի նպատակ: Եթե Հայաստանում որեւէ մեկը հաղթի կամ ուժեղ լինի Առաքելից, մենք մեզ իրավունք չենք վերապահի առանձին մարզվել: Մենք էլ կմիանայինք հավաքականին, ինչու չէ, ես էլ կլինեի հավաքականի կազմում որպես մարզիչ եւ միասին կաշխատեինք: Որեւէ մեկի խնդիրը չէ՝ Առաքելը ում հետ կամ որտեղ կմարզվի: Պատճառն այն չէ, որ ես ուզում եմ իմ գիտելիքները միայն իմ որդուն ուսանեմ, թաքցնում եմ գիտելիքներս հավաքականից: Ուղղակի ես նպատակահարմար եմ գտնում, որ նա առանձին մարզվի, լինի մեր տանը, մեր պատերի ներսում եւ շարունակի լավ մարզվել:

Ընդհանրապես, եթե մեդալը կա, բոլոր խոսակցությունները մարում են, եթե չկա, սկսում են խոսել, տարբեր մեկնաբանություններ անել, պատճառներ փնտրել, մեղավորներ ճանաչել: Այն ժամանակ, երբ Առաքել Միրզոյանը Եվրոպայի չեմպիոն էր դառնում, կամ աշխարհի արծաթե մեդալակիր, որեւէ մեկը չէր ասում` Առաքելը տանն է մարզվել, հավաքականից անջատ, գնանք տեսնենք, ինչի է առանձին մարզվում: Բայց ոչ մեկին դա չէր հետաքրքրում: Այսօր Առաքելը եթե դառնար Եվրոպայի չեմպիոն, այս խոսակցությունները չէին բացվի:

Եթե ձեզ առաջարկվի կրկին գլխավորել հավաքականը, կհամաձայնե՞ք:

Որպես գլխավոր մարզիչ՝ ոչ:  Չէի ցանկանա, քանի որ երկար ժամանակ գլխավորել եմ հավաքականը եւ գիտեմ, թե հավաքականի գլխավոր մարզիչ լինելն ինչ բարդ աշխատանք է եւ մեծ ուշադրություն է պահանջում: Խնդիրները շատ են: Ես մեծ աշխատանք տարել եմ հավաքականի հետ իմ ժամանակ: Եթե այժմ 5-6 հոգով են մեդալի խնդիր լուծում, մարզիկներ պատրաստում, ես այն ժամանակ դա մենակ եմ արել: Ով այժմ աշխատում է, թող աշխատի: Ես որեւէ խնդիր չունեմ եւ հոգնել եմ նմանատիպ աշխատանքից: Եվ հետո, եթե ես այժմ գլխավորեմ հավաքականը, կամ թեկուզ որպես մարզիչ աշխատեմ, ինձ հետ մարզիկները խնդիրներ են ունենալու: Ես շատ ուշադիր եմ ցանկացած մանրուքի հանդեպ, միայն մարզումներն ու հավաքները չեն: Ես մեծ նշանակություն եմ տալիս մարզիկի առօրյային, ինչ արեց, ուր գնաց, ինչ սնունդ ընդունեց, ինչ ըմպեց, քնեց, թե ինչ խաբեց ու գնաց զբոսնելու երեկոյան:  Իսկ ես եթե մի բան տեսնեմ, չեմ կարող ձայն չհանել, ես լռողներից չեմ, ես ասող եմ: Այդ պատճառով ես նմանատիպ աշխատանք հիմա չեմ ուզի:

Առաքել Միրզոյանի նույն քաշային կարգում դարձյալ տեւական դադարից հետո Եվրոպայի առաջնության մրցահարթակ դուրս եկավ նաեւ աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը եւ կարողացավ փոքր ոսկե մեդալ նվաճել: Ինչպե՞ս կգնահատեք Տիգրան Մարտիրոսյանի ելույթը:  

Տիգրան Մարտիրոսյանը շատ լավ հանդես եկավ, արդյունքը, ճիշտ է, ցածր էր՝ միայն մեկ փոքր ոսկե մեդալ, բայց եթե հաշվի առնենք, որ նա էլ երկար ժամանակ մրցահարթակ դուրս չէր եկել, ապա սա գոհացնող ելույթ է: Ես չեմ տեսել նրա մարզումները, բնակաբար չեմ կարող քննադատել նրա մրցելույթը, արդյունքը, եւ հետո ես չեմ սիրում մրցումից հետո քննարկել արդյունքը: Նա համեստ արդյունք ցույց տվեց: Փորք ոսկուն էլ հասավ, բայց ամեն ինչ այլ կլիներ, եթե մեծ ոսկի վերցներ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով