00:37  ,  3 ապրիլի, 2014

Չեմպիոնների լիգա. Դորտմունդի «Բորուսիան» խնդիրներ չստեղծեց «Ռեալի» համար

Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: Քառորդ եզրափակիչի առաջին խաղում Արքայական ակումբը ոչ մի շանս չտվեց Դորտմունդի «Բորուսիային»՝ խփելով 3 անպատասխան գոլ:

«Ռեալը» չափազանց ակտիվ սկսեց Մադրիդում կայացած խաղը եւ արդեն երրորդ րոպեին Գարեթ Բեյլի գոլի շնորհիվ բացեց հաշիվը: Հանդիպման մեկնարկում մադրիդցիների ճնշումն այնքան մեծ էր, որ «Բորուսիան» մոտ 20 րոպե չէր կարողանում ուշքի գալ: 27-րդ րոպեին իսպանացի Իսկոն կրկնապատկեց մադրիդցիների առավելությունը: Այդ գոլը ծնվեց Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի սխալի պատճառով:

Ընդմիջումից հետո առանց Ռոբերտ Լեւանդովսկու խաղացող դորտմունդցիները կերպարանափոխվեցին եւ երկրորդ խաղակեսի սկզբնամասում կարող էին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն բաց թողեցին իրական գոլային պահ, իսկ այդ գրոհը եզրափակվեց Մխիթարյանի շեղ հարվածով: Քիչ անց հյուրերի պաշտպանների սխալի հետեւանքով հարվածային դիրքում հայտնվեց «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով չներեց Յուրգեն Կլոպի թիմին՝ երրորդ գնդակն ուղարկելով Ռոման Վայդենֆելերի պաշտպանած դարպասը: Այդ գոլից քիչ անց դարձյալ լավ դիրքում հայտնվեց Հենրիխ Մխիթարյանը, ում հաջող հարվածել թույլ չտվեց «Ռեալի» պաշտպան Պեպեի սահանկումը: 64-րդ րոպեին Հենրիխը փոխարինվեց, իսկ խաղի վերջնամասում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին, թեեւ 2 թիմերն էլ ունեցան գոլային պահեր:

Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 8-ին Դորտմունդում:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչառաջին խաղ

«Ռեալ» (Իսպանիա) - «Բորուսիա» (Գերմանիա)՝ 3:0 

Գարեթ Բեյլ, 3, Իսկո, 27, Կրիշտիանու Ռոնալդու, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում