21:49  ,  2 մարտի, 2014

Ռոնալդուն «Ռեալին» պարտությունից փրկեց մադրիդյան դերբիում

Իսպանական Պրիմերայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ռեալը» հյուրընկալվել էր «Աթլետիկոյին», որին առաջին շրջանում պարտվել էր նվազագույն հաշվով: Այս անգամ մադրիդյան դերբին անցավ գեղեցիկ պայքարում եւ ավարտվեց 2:2 հաշվով:

«Աթլետիկոյի» խաղադաշտում կայացած խաղի հաշիվը երրորդ րոպեին բացեց Արքայական ակումբի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, սակայն մինչեւ ընդմիջման գնալը դաշտի տերերը ոչ միայն խփեցին պատասխան գոլը, այլեւ առաջ անցան հաշվի մեջ: 28-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի թեկնածու Կոկեն հավասարեցրեց հաշիվը, իսկ 45-րդ րոպեին «Աթլետիկոյի» ավագ Գաբին երկրորդ գնդակն ուղարկեց «Ռեալի» դարպասը:

Երկրորդ խաղակեսում գրանցվեց դարպասի մեկ գրավում, որն իր անվան դիմաց գրանցեց 3-խաղյա որակազրկումից հետո խաղադաշտ վերադարձած Կրիշտիանու Ռոնալդուն՝ «Ռեալին» փրկելով պարտությունից: Պորտուգալիայի հավաքականի ավագն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 23-ի եւ 2 գոլ գերազանցնում է ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Դիեգո Կոստային («Աթլետիկո»):

Կարլո Անչելոտիի թիմը 64 միավորով առաջատարն է, իսկ «Աթլետիկոն» 61 միավորով երկրորդ տեղում է: 60 միավոր հավաքած կատալոնական «Բարսելոնան» ժամեր անց կընդունի «Ալմերիային»:

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Աթլետիկո» - «Ռեալ»՝ 2:2

Կոկե, 28, Գաբի, 45+1 – Քարիմ Բենզեմա, 3, Կրիշտիանու Ռոնալդու, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում