20:40  ,  3 մայիսի, 2012

Մեծ շանսեր ունենք Ֆինլանդիայում. Սամվել Գեւորգյան

Մայիսի 4-ին Ֆինլանդիայում կմեկնարկի ըմբշամարտի օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարը: Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականներն ունեն երեքական օլիմպիական ուղեգիր։

Ֆինլանդիայում Հայաստանը կներկայացնեն հունահռոմեական ըմբիշներ Ռոման Ամոյանը (55կգ), Նարեկ Խաչատրյանը (60կգ), Հովհաննես Վարդերեսյանը (66կգ), Արթուր Շահինյանը (84կգ) եւ ազատ ոճայիններ Արթուր Առաքելյանը (60կգ), Մուսա Մուրթազալիեւը (74կգ), Էդգար Ենոքյանը (96կգ) եւ Ռուսլան Բասիեւը (120կգ)։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում գնահատել է հայ ըմբիշների հնարավորությունները:

Պարոն Գեւորգյան, չորս քաշային կարգերում մենք դեռ ուղեգիր չունենք։ Ի՞նչ շանս ունենք առաջիկա մրցաշարում։

Շատ մեծ շանսեր ունենք ու չի բացառվում, որ Ֆինլանդիայում մեր չորս ըմբիշներն էլ հասնեն նպատակին: Իհարկե, հեշտ չի լինելու, քանի որ բոլոր մարզիկներն էլ նույն նպատակն են հետապնդելու մրցագորգի վրա, բայց, իրոք, մեր ըմբիշները շատ լավ հնարավորություններ ունեն ուղեգիր ձեռք բերելու համար:

Ֆինլանդիայում հունահռոմեական հավաքականը կներկայացնեն Ռոման Ամոյանը, Նարեկկ Խաչատրյանը, Հովհաննես Վարդերեսյանը եւ Արթուր Շահինյանը։ Ո՞վ է առավել մոտ օլիմպիական ուղեգրին:

Գիտեք, ես ընդհանրապես չեմ սիրում հավաքականի կազմում հանդես եկող տղաներից որեւէ մեկին առանձնացնել իր ունակություններով ու հնարավորություններով: Այս քառյակի մեջ, իհարկե, Ռոման Ամոյանը կարծում եմ պարտադիր պետք է ուղեգիր նվաճի, որովհետեւ նա մեր հավաքականի առաջատար մարզիկներից մեկն է: Մյուսներն էլ պակաս ուժեղ չեն: Ես հավատում եմ,  որ մերոնք նոր հաջողությունների հասնելու են:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով