19:56  ,  3 մայիսի, 2012

Դարպասապահների մարզչական սեմինար Հայաստանում

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի Ակադեմիայում, առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ դարպասապահների մարզիչներին սեմինար ՖԻՖԱ-ի հովանու ներքո: Սեմինարը վարում էր ՖԻՖԱ-ի հրահանգիչ, սլովակ մասնագետ Ալեքսանդր Վենցելը: Սեմինարին մասնակցում էին Հայաստանի Բարձրագույն խբմի թիմերի դարպասապահների բոլոր մարզիչները, մարզիչներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաեւ մի շարք ակումբների գլխավոր մարզիչներ:

5 օր տեւած սեմինարի ընթացքում անցկացվեցին ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ: Մարզիչները ծանոթացան դարպասապահների մարզման տարբեր ոճերին բոլոր տարիքային խմբերում, տեղի ունեցավ փորձի փոխանակում սլովակ մասնագետի եւ մեր մարզիչների միջեւ. հայ մարզիչները ներկայացրեցին Հայաստանում դարպասապահների կրթման գործընթացի կազմակերպումը, առանձնահատկությունները, ինչպես նաեւ ծանոթացան արտասահմանյան ֆուտբոլային դպրոցների աշխատաոճին:

Սեմինարին իր մանսակցությունը ցուցաբերեց նաեւ ՀՖՖ տեխնիկական տնօրեն, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով, ծանոթանալով սեմինարի ընթացքին, իր գոհունակությունը հայտնեց դրա բարձր կազմակերպվածության առիթով` նշելով որ որակյալ դարպասապահների պակասություն ունեցող Հայաստանում շատ մեծ ուշադրություն է դարձվում դարպասապահների մարզիչների աշխատանքին եւ նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն: Ռուբեն Հայրապետյանը նշեց նաեւ, որ ՀՖՖ-ն այսուհետ եւս հետամուտ է լինելու նման միջոցառումներ կազմակերպելու գործում: Սեմինարի բոլոր մասնակիցները ՖՒՖԱ-ի կողմից ստացան հավաստագրեր. շնորհակալական ելույթ ունեցավ Վարդան Մինասյանը` հերթական անգամ կարեւորելով դարպասապահների մարզիչների դերը ֆուտբոլում: Ալեքսանդր Վենցելը իր ելույթում եւս շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության եւ արդյունավետ աշխատանքի համար, հաղորդում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English