18:38  ,  8 փետրվարի, 2014

«Արսենալի» լիվերպուլյան սարսափը

Անգլիական Պրեմյեր լիգայի 25-րդ տուրը չափազանց անհաջող ստացվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող Լոնդոնի «Արսենալի» համար: Արսեն Վենգերի թիմը հյուրընկալվել էր «Լիվերպուլին», որը ոչ մի շանս չտվեց առաջատարին՝ առավելության հասնելով 5:1 հաշվով: 

Լիվերպուլցիները չափազանց ակտիվ սկսեցին խաղը եւ արդեն 52-րդ վայրկյանին բացեցին հաշիվը: Ժամանակն անցնում էր, իսկ գնդակները մեկը մյուսի հետեւից հայտնվում էին լոնդոնցիների դարպասում: Արդեն 20-րդ րոպեին «Լիվերպուլն» ուներ 4 գոլի առավելության, իսկ ընդմիջումից քիչ անց խփեց նաեւ 5-րդ գոլը: Լոնդոնցիների հեղինակության գնդակը խփեց իսպանացի կիսապաշտպան Միկել Արտետան, ով 69-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձան սլովակ պաշտպան Մարտին Շկրտելը եւ անգլիացի կիսապաշտպան Ռահեմ Ստերլինգը, իսկ Անգլիայի հավաքականի հարձակվող Դանիել Սթարիջն աչքի ընկավ մեկ անգամ:

«Արսենալը» 55 միավորով առաջատարն է, սակայն այս տուրում լոնդոնցիներին կարող են շրջանցել 53-ական միավոր հավաքած «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»: «Լիվերպուլը» 50 միավորով ամրապնդվեց չորրորդ տեղում:

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 5:1

Մարտին Շկրտել, 1, 10, Ռահեմ Ստերլինգ, 16, 52, Դանիել Սթարիջ, 20 – Միկել Արտետա, 69 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում