18:48  ,  27 հունվարի, 2014

Հայաստանի չեմպիոն Շուշաննա Սարգսյան. Մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն Հայաստանի հավաքականում ընդգրկվելը

Երեք տարի անընդմեջ պայքարում էի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար, բայց միայն այս տարի հաջողությունն ինձ ժպտաց: Ուրախ եմ, որ կարողացա հաղթահարել այս մրցությունը եւ առաջինը հռջակվեցի, չնայած մրցակիցներիցս բոլորն էլ արժանի էի չեմպիոնիական տիտղոսին: Մեծ պատիվ է ու միեւնույն ժամանակ մեծ պատասխանատվություն Հայաստանի կանանց հավաքականում ընդգրկվելը: Այս տարի ամենաբարդ ու խոշորագույն մրցաշարերն են ինձ սպասվում, այդ թվում եւ Համաշխարհային օլիմպիադան: Կփորձեմ հնարավորինս արդարացնել հավաքականի անդամների սպասելիքներն ինձանից: Արդեն զրուցել եմ հավաքականի անդամների հետ, նրանք էլ պատրաստ են ինձ օգնել իրենց փորձով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի կանանց Հայաստանի 69-րդ առաջնության հաղթող Շուշաննա Սարգսյանը:

Շուշաննա, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ առաջին անգամ շախմատի կանանց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Ի՞նչ տպավորություններ ունես առաջնությունից։

Շնորհակալ եմ: Արդեն երրորդ անգամ էի մասնակցում Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: Այս տարվա մրցաշարը, համեմատած նախորդ տարիների, համեմատաբար ավելի հեշտ էր, քանի որ խաղացողների կազմն այս տարի ավելի թույլ էր մյուս տարիների համեմատ: Բնականաբար, կային ուժեղ խաղացողներ: Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարում էին Հայաստանի գործող չեմպիոն Աննա Հայրապետյանը, Մարիա Գեւորգյանը: Բարդ էր մասնավորապես առաջնության 7, 8 եւ 9-րդ պարտիաները: 7-րդ տուրում խաղում էի Մարիա Գեւորգյանի հետ եւ դրանից արդեն պարզ կլիներ, թե ով պետք է չեմպիոնական տիտղոսի համար պայքարի հաջորդ տուրում: Վերջին պարտիայում պետք է գործող չեմպիոնի հետ ոչ ոքի խաղայի եւ հաղթանակը իմը կլիներ: Աննա Հայրապետյանի հետ խաղն էլ բավական բարդ ստացվեց, քանի որ հասկանում էի` իմ առջեւ նստած է Հայաստանի չեմպիոնը: Իսկ չեմպիոնի նկատմամբ առավելության հասնելը բնական է, որ բարդ է: Բայց հաջողությունը ժպտաց, երբ բոլոր պարտիաներում առավելության էի հասել, իսկ Աննայի հետ խաղում պետք է միայն ոչ ոքի խաղայի: Այդպես էլ ստացվեց: Ընդհանուր առմամբ խաղերը ստացվում էին:

Հավատո՞ւմ էիր, որ այս տարի դու կդառնաս Հայաստանի չեմպիոնը:

Ամեն տարի հավատով եւ այդ հույսով եմ խաղացել, բայց միայն այս տարի ինձ հաջողվեց հասնել առավելության մյուս շախմատիստների նկատմամբ: Առաջնության սկզբում վստահ էի, որ մրցանակային տեղ կկարողանամ գրավել, բայց չեմպիոն դառնալու մտքին այդքան չէի հավատում: Առաջնության առաջին պարտիաների ընթացքում էլ մտածում էի, որ վստահ 2-րդ, 3-րդ տեղերը գուցե զբաղեցնեմ: Չեմպիոնության մասին չէի մտածում, քանի որ այս տարի այդքան էլ լավ պատրաստ չէի, քան նախորդ տարիներին, քանի որ այս տարի ավելի քիչ էի մարզվել, քան օրինակ՝ անցյալ տարի Հայաստանի առաջնության համար: Բայց ստացվեց, այս անգամ ավելի շատ շախմատային հաջողությունն ինձ ժպտաց:

Ուրախ եմ, որ ընդգրկվեցի Հայաստանի կանանց հավաքականում: Իմ առջեւ կա մի մեծ խնդիր, արդարացնել հավաքականի անդամների սպասելիքներն ինձանից, քանի որ այս տարի ունենք լրջագույն մրցաշարեր, այդ թվում եւ Համաշխարհային օլիմպիադան, որը տեղի կունենա օգոստոսին Նորվեգիայում: Իսկ մինչ այդ ունենք Եվրոպայի առաջնություն:

Չեմպիոն լինելն այդքան էլ հեշտ չէ: Դու ներկայացնում ես պետություն, հավաքականի անդամ ես: Պետք է ավելի լավ հանդես գաս յուրաքանչյուր մրցմանը:

Հավաքականից ո՞ւմ խաղաոճն է քեզ ավելի հոգեհարազատ, ո՞ւմ նման կցանկանայիր խաղալ:

Կանանց հավաքականից Լիլիթ Մկրտչյանի խաղաոճն եմ շատ հավանում: Տղաներից շատ եմ հավանում Լեւոն Արոնյանի ոճը: Բոլորն էլ ուժեղ են, բոլորից սովորելու ինչ-որ բան ունեմ:Կփորձեմ նրանց փորձը յուրացնելով` հաջող հադես գալ եւ Հայաստանի պատիվը բարձր պահել:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով