13:20  ,  1 մայիսի, 2012

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ». այդպես էլ չհասկացան դերբիի կարեւորությունը

Ամենակարեւոր մանչեսթերյան դերբին վերջին 25 տարվա ընթացքում, Ալեքս Ֆերգյուսոնն այդպես էր որակել ապրիլի 30-ին կայացած «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» (1:0) հանդիպումը:

Այդ հաղթանակից հետո Ռոբերտո Մանչինիի թիմը գլխավորեց մրցաշարային աղյուսակը խփած եւ բաց թողած գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ: Եթե «Սիթին» առաջնության վերջին երկու խաղերում հաղթի նույնիսկ նվազագույն հաշվով, «Յունայթեդը» երկու խաղերում պետք է խփի ամենաքիչը 11 գոլ գլխավոր մրցակցին շրջանցելու համար:

Դերբիից հետո Մանչինին հայտարարեց, որ «Յունայթեդն» ինքն իրեն ծուղակի մեջ գցեց: Դժվար է չհամաձայնվել իտալացի մասնագետի հետ: Ֆերգյուսոնի ընտրած մեկնարկային կազմից երեւում էր, որ «Յունայթեդը» փորձելու է խաղալ 0:0 հաշվի համար: Սակայն խաղադաշտի կենտրոնում մեծ ուժեր կենտրոնացնելով էլ «Յունայթեդը» չհասավ ցանկալի արդյունքի: «Սիթիի» ավելի երիտասարդ ու արագաշարժ ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում հեշտությամբ էին շրջանցում հյուրերի կիսապաշտպաններին՝ հաճախակի ստեղծելով վտանգավոր պահեր մրցակցի տուգանային հրապարակի մոտ: «Յունայթեդն» առաջին 45 րոպեներին ոչ մի տպավորիչ գրոհ չանցկացրեց: Ջի Սուն Պարկի՝ հիմնական կազմում հայտնվելը կարելի է բացատրել նրա աշխատասիրությամբ, սակայն հարց է ծագում, թե ինչու կորեացին չփոխարինվեց ընդմիջումից անմիջապես հետո: Անիմաստ ձեւով ծախսվեցին անգին 13 րոպեները, որից հետո, վերջապես, Պարկի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Դենի Ուելբեկը: Այդ ժամանակ Ռունին միայնակ պայքարում էր մրցակցի կիսադաշտում՝ անարդյունավետ ծախսելով մեծ ուժեր: Հանդիպման վերջնամասում մեծ աշխատանք կատարած Ռունին հազիվ էր մնում ոտքերի վրա: Անկեղծ ասած «Յունայթեդը» շատ զարմացրեց: Միշտ կամային բարձր որակներով աչքի ընկնող թիմը շատ անօգնական տեսք ուներ: Սխալ կլինի ասել, թե «Յունայթեդի» ֆուտբոլիստներն անձնուրաց չէին գործում, սակայն նրանց գործողություններում պակասում էր կրակը, որն առանց կայծ չի լինում, իսկ կայծ «Յունայթեդի» ֆուտբոլիստների գործողություններում չկար պարզապես:

Պարտվելով տարվա ամենակարեւոր խաղում՝ հյուրերը չկարողացան մեծ ճնշում առաջացնել մրցակցի դարպասի մոտ: Անհետաքրքիր գրոհներ, գնդակի հաճախակի կորուստ, ավելորդ գործողություններ, անորակ փոխանցումներ. այնպիսի տպավորություն էր, կարծես «Յունայթեդի» խաղացողներն այդպես էլ չհասկացան, թե ի՞նչ խաղ էր սա, ո՞ւմ դեմ եւ ո՞ր թիմի մարզաշապիկով: Մենք սովոր ենք, որ այս թիմը կարող է փոխել հանդիպման ընթացքը վերջին վայրկյաններին, սակայն «Յունայթեդն» այդպես էլ ուշքի չեկավ:

Շատերը Մանչինիին միջին կարգի մարզիչ են համարում, սակայն դերբիում նա հիանալի էր կառուցել թիմի խաղը: Իտալացին գերհարձակողական մեկնարկային կազմ էր ընտրել եւ չպարտվեց: Երբ Ֆերգյուսոնը սկսեց փոփոխություններ կատարել, Մանչինին Տեւեսի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Նայջլ Դե Յոնգին՝ ուժեղացնելով հենակետայինի գոտին: Վերջին 10 րոպեներին իտալացին Սաբալետային տեղափոխեց կիսապաշտպանության աջ եզր, իսկ ամրակազմ Միկա Ռիչարդսը, փոխարինելով Դավիդ Սիլվային, հանգրվանեց պաշտպանության աջ եզրում: Այս հաղթանակում չափազանց մեծ էր մարզիչի դերը, եւ հիմա Մանչինին կարող է մի փոքր շունչ քաշել:

«Յունայթեդը» հայտնվեց այնքան բարդ իրավիճակում, որ հիմա Ալեքս Ֆերգյուսոնն ու իր թիմը պետք է հույս ունենան, որ «Սիթին» միավորներ կկորցնի «Նյուքասլի» կամ «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» հետ խաղերում: Դերբիից առաջ Պատրիս Էվան նշել էր, որ «Սիթիի» հաջողությունը կարող է ֆուտբոլային հեղափոխության հիմք հանդիսանալ:

Չեմ կարծում, որ «Յունայթեդի» դարաշրջանը կանցնի առանց լուրջ նվաճումների, ինչպես ժամանակին անցավ «Լիվերպուլինը»: Սակայն «աղմկոտ հարեւանը» չափազանց վտանգավոր է եւ մարտահրավեր նետեց ինչպես հիմնական հակառակորդին, այնպես էլ առաջնության մնացած ակումբներին: Սակայն, քանի՞ այդպիսի մարտահրվերներ են եղել Ալեքս Ֆերգյուսոնի կարիերայում...

Հակոբ Վարդանյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում