12:27  ,  25 հունվարի, 2014

Բրիտանական The Guardian-ը՝ Լեւոն Արոնյանի մասին

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը շատ մոտ է այս շաբաթ «Տատա Սթիլ» մրցաշարում հաղթելուն։ Հայ գրոսմայստերը եզրափակիչ երկու տուրից առաջ 1.5 միավորով գերազանցում է մրցակիցներին, գրում է բրիտանական The Guardian՝ անդրադառնալով շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանին։

«Արոնյանը պարտության մատնեց ԱՄՆ-ի առաջին համար Հիկարու Նակամուրային եւ բարելավեց իր վարկանիշային միավորները, չնայած՝ նորվեգացի Մագնուս Կարլսենին զիջում է 50 միավոր։

31-ամյա Արոնյանը ֆավորիտ է հավակնորդների մրցաշարում, որի հաղթողը նոյեմբերին կխաղա աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Գլխավոր խնդիրն այն է, որ նա ոչ կայուն խաղ է ցուդարում։ Արոնյանը նման է էստոնացի Պաուլ Կերեսին, ով մասնագետների կողմից համարվում է աշխարհի չեմպիոն չդարձած լավագույն շախմատիստներից մեկը։

Արոնյանն ազգային հերոս է Հայաստանում։ Նա նման է կոսմոպոլիտի. շատ լավ խոսում է անգլերեն, ապրում է Գերմանիայում եւ հանդիպում ավստրալուհու հետ։ Եթե նա հաղթի թեկնածուների մրցաշարում, ապա կկարողանա մեծ ճակատամարտ տալ Կարլսենին»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ Արոնյանը Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվող մրցաշարի 10-րդ տուրում կմրցի կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով