17:42  ,  9 հունվարի, 2014

«Կամազի» շրջվելու կադրերը. Մարդեեւի անձնակազմը հանվել է «Դաքար-2014»-ից

Ռուսական «Կամազ-Մաստեր» թիմի Այրատ Մարդեեւի անձնակազմը հանվել է Հարավային Ամերիկայում ընթացող «Դաքար-2014» բազմօրյա ավտոարշավից: Արգենտինայում կայացած փուլում Մարդեեւի «Կամազը» շրջվել էր: Ավտոարշավորդները չեն տուժել: Ու թեեւ մինչեւ հաջորդ փուլի մեկնարկը թիմին հաջողվել է նորոգել բեռնատարը, սակայն կազմակերպիչները հանել են անձնակազմին մրցումից, քանի որ վթարի ժամանակ կոտրվել է բեռնատարի տանիքին ամրացված GPS-ի հաղորդակը: Ըստ կանոնադրության, այն պետք է ամբողջ մրցարշավի ժամանակ միացված լինի, որպեսզի մասնակիցները չկարողանան կրճատել մրցատարածությունը, հաղորդում է Sovsport-ը:

Միջադեպը տեղի էր ունեցել Սան Լուիս - Սան Ռաֆայել փուլի 386 կմ-ի վրա: Ցամաքած գետի հունով ընթացած բեռնատարը շրջվել է:

Հիշեցնենք, որ այս տարի «Դաքարը» անցկացվում է Արենտինայում, Բոլիվիայում եւ Չիլիում: Մասնակիցները կհաղթահարեն 9347 կմ: «Դաքար-2014»-ի ամենաերիտասարդ մասնակիցը 18 տարեկան է, ամենատարեցը՝ 72: Կվիճարկվի չորս տիտղոս՝ ամենագնացի, մոտոցիկլի, կվադրոցիկլի եւ բեռնատարի դասերում: Այս տարի ներկայացված են 50 երկրների արշավորդներ: Վերջնագիծը կլինի հունվարի 18-ին Չիլիի Վալպարաիսո քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում