16:53  ,  30 դեկտեմբերի, 2013

«Ֆերարիում» եւ «Մերսեդեսում» հոգով եւ սրտով Միխայել Շումախերի հետ են

«Ֆերարիում» յուրաքանչյուրը տագնապի մեջ է, հոգով եւ սրտով Շումախերի եւ նրա ընտանիքի հետ ենք, ասվում է «Ֆերարիի» պաշտոնական հայտարարությունում: 

Իմանալով Շումախերի մարտական ոգին՝ վստահ ենք, որ նա հաղթող դուրս կգա այս ճակատամարտում, ասվում է «Մերսեդեսի» պաշտոնական հաղորդագրությունում:

«Ֆերարիի» նախագահ Լուկա դե Մոնտեձեմոլոն եւ «Սկուդերիայի» ղեկավար Ստեֆանո Դոմենիկալին մշտապես կապի մեջ են Շումախերի ընտանիքի եւ նրա մերձավորների հետ՝ րոպե առաջ տեղեկություն ստանալու եւ աջակցելու նպատակով:

«Մերսեդեսում» շոկային տրամադրություն է, բոլոր սպասում են տեղեկությունների Գրենոբլից:

Վերջին տվյալներով, Շումախերի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա արհեստական կոմայի մեջ է: Ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու եւ ժայռին գլխով բախվելու հետեւանքով Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնը ստացել է ուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածք, արյունազեղում: Ուղղաթիռով Գրենոբլի հիվանդանոց տեղափոխելուց հետո Շումախերը վիրահատվել է, հեռացվել է ուղեղի հեմատոման եւ կարգավորվել է ներգանգային ճնշումը: Սակայն Գրենոբլում կայացած մամուլի ասուլիսում վիրահատություն կատարած բժիշկները զերծ են մնացել կանխատեսումներ անելուց՝ նշելով, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է արձագանքում նման ծանր վնասվածքին եւ ասել, թե ինչ արդյունք կտա վիրահատությունը հնարավոր չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում