19:45  ,  17 դեկտեմբերի, 2013

Արթուր Գորոյան. Կցանկանայի Հայաստանում զբաղվել սպորտով, սակայն հնարավորություններն այստեղ քիչ են

Միջազգային մրցումների հաղթող, այժմ Մոսկվայում բնակվող 25-ամյա ջավախահայ ավտոարշավորդ Արթուր Գորոյանը 2013-ից միջազգային մրցարշավներում ներկայացնում է Հայաստանը: Նա Երեւանում է «STR ավտոսիրողների ակումբի» հրավերով։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ավտոարշավորդն ասաց, որ կցանկանար Հայաստանում զբաղվել սպորտով, սակայն այստեղ հնարավորությունները քիչ են առաջ գնալու համար. «Մոսկվայում հնարավորություններն ավելի շատ են, եվրոպական մրցումների մասնակցելու ավելի շատ հրավերներ եմ ստանում»։ 

Գորոյանն իր մարզական կարիերան սկսել է չորս տարի առաջ կարտինգում: Նախընտրում է մասնակցել գերմանական մրցարշավներին։ C կատեգորիայի # 001 արտոնագիրը ստանալուց հետո հնարավորություն է ստացել հանդես գալ որեւէ երկրի դրոշի ներքո եւ ընտրել է Հայաստանը։

Նա C կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող, Հայաստանը ներկայացնող առաջին ավտոարշավորդն է։

«Ամենակարեւորը Նյուրբուրգռինգի մեկ ժամանոց մրցարշավն էր, որտեղ 3-րդ տեղն եմ զբաղեցրել: Կարեւորն այն էր, որ այնտեղ հայկական դրոշով էի մասնակցում»,- ասաց Արթուր Գորոյանը։

Գորոյանը ավտոսպորտի մակարդակը Հայաստանում գնահատեց լավ, սակայն նշեց, որ սպորտային մրցուղու խնդիր կա:

«STR ավտոսիրողների ակումբի» 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Գորոյանին շնորհվել է ակումբի պատվավոր անդամի կոչում։

Անի Բարսեղյան

Ֆոտո՝ NEWS.am 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում