23:23  ,  7 դեկտեմբերի, 2013

«Բորուսիան» Դորտմունդում պարտվեց «Բայերին»

Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց Լեւերկուզենի «Բայերին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, սակայն առաջին խաղակեսում դաշտի տերերն իրական գոլային պահեր չունեցան, իսկ «Բայերն» ընդմիջման գնաց հաղթողի դերում։ Առաջին խաղակեսի միակ գնդակը 18-րդ րոպեին խփեց Լեւերկուզենի թիմի հարավկորեացի կիսապաշտպան Սոն Հյոն Մինը, ով քիչ անց կորցրեց եւս մեկ 100 տոկոսանոց գոլային պահ:

Ընդմիջումից հետո եւս դորտմունդցիների մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում: 0:1 առաջին խաղակեսից հետո, 0:1 մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո: Վնասվածքներ ստացան «Բորուսիայի» կիսապաշտպաններ Սվեն Բենդերն ու Նուրի Շահինը, ովքեր չկարողացան ավարտել հանդիպումը: Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման՝ կատարելով մեծ ծավալի աշխատանք:

Բունդեսլիգայի նախորդ 4 խաղերում Յուրգեն Կլոպի թիմը վաստակել է ընդամենը 3 միավոր: «Բայերը» 37 միավորով երկրորդ տեղում է եւ 4 միավոր զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային»: Դորտմունդցիներն ունեն 31 միավոր եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ բաժանում են 3-4-րդ տեղերը:

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Բայեր»՝ 0:1

Սոն Հյոն Մին, 18

Հեռացումներ՝ Սոկրատիս Պապաստատոպուլոս, 90+2 («Բորուսիա») - Էմիր Սպահիչ, 80 («Բայեր»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով