13:08  ,  25 նոյեմբերի, 2013

Վերջակետ առանց ձեւականությունների

Ֆորմուլա 1-ի մրցաշրջանն ավարտվեց: Աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը հաղթեց նաեւ Բրազիլիայում՝ թարմացնելով 2004-ի Միխայել Շումախերի ռեկորդը: Հիշեցնենք, որ 2004-ին Շումախերը հաղթել էր 7 Գրան Պրի անընդմեջ: Ֆետելը Ինտերլագոսում հաղթեց 9-րդ անգամ անընդմեջ՝ հավասարվելով Ալբերտո Ասկարիին, որ 1952-ին հաղթել էր 9 անգամ անընդմեջ: Միաժամանակ Ֆետելը կրկնեց Շումախերի 2004-ի մեկ այլ ռեկորդը՝ մեկ առաջնության ընթացքում հաղթելով 13 անգամ:

«Ես տխուր եմ, որ առաջնությունն ավարտվեց»,- Ինտերլագոսի առաջին աստիճանին կանգնած ասաց Սեբաստիան Ֆետելը: Մի քիչ ավելի ուշ Red Bull-ի մարզական տնօրեն Կրիստիան Հորները կմանրամասնի Ֆետելի «տխրության» պատճառները. «Հաջողությունը նման է թմրանյութի»

Բրազիլիայում իր կարիերան ավարտեց Ֆետելի թիմակիցը՝ Մարկ Վեբերը, որը գրավեց երկրորդ տեղը: Կային ենթադրույուններ, որ Ինտերլագոսում Ֆետելը առաջին տեղը կզիջի թիմակցին՝ այդպիսով նրան թույլ տալով կարիերայի վերջին մրցելույթն ավարտել բարձր նոտայի վրա: Ֆորմուլա 1-ի նախկին ավտոարշավորդ Ալեսանդրո Ձանարդին դեռ մրցելույթի ընթացքում Twitter- իր էջում գրեց.

«Կա՞ մեկը, որը կարող է Ֆետելին բացատրել, թե նման դեպքերում ինչպես են վարվում՝ նա պետք է քայլ կատարի եւ առաջին տեղը զիջի Վեբերին»: Բնականաբար ոչ մեկը Ֆետելին նման բան չհաղորդեց, Ֆետելը գնում էր դեպի նոր ռեկորդներ, որոնք նրան դասում են լեգենդների շարքը, սպորտում «քրիստոնեական» քայլերը նվաճումների շարքից չեն, դրանք կենսագրության մարտական էջերը չեն լցնում: Մարկը մինչեւ վերջին Գրան Պրիի մեկնարկն էլ ակնարկել էր, որ Ինտերլագոսի մրցելույթից անմիջապես հետո հավաքելու է իրերը եւ վերադառնա Ավստրալիա: Ոչ դիվանագիտական բառապաշարով ասած նա պատրաստվում է դուռը շրխկացնել Red Bull-ի երեսին, որն այդպես էլ մրցունակ բոլիդ չտրամադրեց նրան: 2010-ին մինչեւ վերջին Գրան Պրին նա Սեբաստիան Ֆետելի հետ հավակնում էր աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Ավելին, վերջին՝ Աբու Դաբիի Գրան Պրիից առաջ նա Ֆետելին գերազանցում էր 7 միավորով: Աբու Դաբիում Ֆետելը հաղթեց, իսկ Վեբերը գրավեց միայն 8-րդ տեղը: Հետագա տարիներին Վեբերն այլեւս այդ հնարավորությունը չունեցավ: Նա այդպես էլ ընկալվեց սոսկ աշխարհի չեմպիոնի թիմակից:

Հաջորդ տարվանից Ֆետելի թիմակիցը կդառնա Դենիել Ռիկարդոն, որը առաջնությունն ավարտեց 14-րդ տեղում: Բնականաբար Red Bull-ը հանձին նրա ընտրել է մեկին, որը ոչնչով չի խանգարի Ֆետելին նոր հաղթանակների ճանապարհին: Փոխարենը Ferarri-ն գնաց հակառակ ճանապարհով: Մյուս տարի նրա բոլիդներից մեկի ղեկին նստելու է աշխարհի չեմպիոն Կիմի Ռայկոնենը: Սա մարտահրավեր է Ֆերնանդո Ալոնսոյին, որն այդպես էլ Ferarri-ի ղեկին չդարձավ աշխարհի չեմպիոն: Սա այն է, ինչը 2007-ին արեց Mclaren Mersedes-ը, երբ պայքարի հավասար հնարավորություն տվեց դեբյուտանտ, բրիտանացի Լյուիս Հեմիլթոնին եւ նույն Ֆերնանդո Ալոնսոյին: Արդյունքում աշխարհի չեմպիոն դարձավ Կիմի Ռայկոնենը՝ ընդամենը 1 միավորով առաջ անցնելով հիշյալ երկուսից: Ինտերլագոսը վերջինն էր Ferarri-ի երկրորդ համար, բրազիլացի Ֆելիպե Մասայի համար: Բայց նա դեռ չի ավարտում կարիերան: Մասան գնում է Williams, որը Ֆորմուլա 1-ին տվել է 6 աշխարհի չեմպիոն, ներառյալ՝ ֆրանսահայ Ալեն Պրոստին: Ferrari-ից հեռանալուց Մասան ասել է բացառիկ խոսքեր. «Ես երջանիկ եմ, որ հեռանում եմ»: Այս խոսքերը դիվանագիտական տողատակեր չունեն: Մասան ուզում է հանդես գալ մի թիմում, որտեղ կլինի առաջին համար: Այստեղ նա կփոխարինի վենեսուելացի Պաստոր Մալդոնադոյին՝ Ուգո Չավեսի սիրելի ավտոարշավորդին: Պաստորին սպասում են կամ Lotus-ում կամ Sauber-ում: Նա առանց բոլիդի չի մնա, նրա հովանավորը վենեսուելական պետական նավթային ընկերությունն է:

Հաջորդ տարի Ֆորմուլա 1-ը կխաղա տեխնիկական բոլորովին նոր խաղի կանոններով։ Հարցն այն է, թե դրանք ինչքանով անհաղթահարելի կլինեն նախ եւ առաջ երեք մարդու՝ Էդրիան Նյուիի, Ռոս Բրաունի եւ Ստեֆանո Դոմենիկալեի համար: Տեղեկություններ կան, որ Բրաունը վերադառնում է Ferarri: Դոմենիկալեն չափազանց խաղաղ մարդ է հաղթանակների համար:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում